Սյունիքի շուրջ եւ Սյունիքում տեղի ունեցողը դառնում է Հայաստանի անվտանգության գլխավոր մարտահրավերը։ Երեւանի կողմից անհետաձգելի, համապարփակ եւ հետեւողական արձագանքի բացակայությունը կարող է մարզում կենտրոնախույս շահերի եւ օրակարգի սկիզբ դնել։
Ալիեւին հրավիրո՞ւմ են Սյունիք
Նախորդ ամսին Ադրբեջանի նախագահը առնվազն երեք անգամ բարձրացրեց Զանգեզուրի հարցը։ Առաջին՝ հայտարարեց, որ Զանգեզուրն ու Երեւանը ադրբեջանական պատմական հողեր են։ Երկրորդ՝ ասաց, որ Զանգելանը արեւելյան Զանգեզուրն է, որտեղից պետք է մեկնարկի եւ արեւմտյան Զանգեզուրով (իմա՝ Սյունիքով) անցնի «Զանգեզուրի միջանցքը»։ Երրորդ՝ հոխորտաց, որ եթե Երեւանն ինքնակամ չհամաձայնի միջանցքի բացմանը, Բաքուն ուժով կլուծի հարցը։
Բայց հատկապես ուշագրավ էր Ալիեւի ապրիլի 27-ի հայտարարությունը, որն Ադրբեջանի նախագահն արեց Սյունիքին սահմանակից Զանգելանի շրջանում նոր բացված զորամասում։ Նա ասաց, թե օրերս հայկական կողմը Սյունիք-Զանգելան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ դիմելով սադրանքի, եւ եթե նման միջադեպ կրկնվի, «թշնամին տեղում կոչնչացվի»։
44-օրյա պատերազմը նույնպես, ըստ Ալիեւի, սկսվել էր ի պատասխան հայկական կողմի սադրանքի, սակայն Ադրբեջանի նախագահն այսուհետ սպառնում է ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանին։
Ո՞րն է Ալիեւի նման ինքնավստահության պատճառը, հատկապես, եթե նկատի առնենք, որ Արցախում ու Սյունիքում ռուսական ուժեղացված զորախումբ է տեղակայված։ Հարցն, իհարկե, ունի ավելի նենգ ձեւակերպում՝ արդյո՞ք Ռուսաստանն է հրավիրում Ալիեւին։
Ո՞ւմ գրպանում են լինելու Սյունիքի բանալիները
Ի՞նչ պետք է տա «Զանգեզուրի միջանցքը» Էրդողանին ու Ալիեւին, որ չի տալիս, օրինակ, գործող Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը, եւ որն այսօր էլ ողջ հզորությամբ չի շահագործվում։ Պատասխանն ակնհայտորեն տնտեսական դաշտից չէ, եւ միակ ու էական տարբերությունը կարող է լինել այն, որ «Զանգեզուրի միջանցքով» թուրք-ադրբեջանական շրջանառությունն անցնելու է անարգել, ինչը չես ասի Վրաստանի պարագայում։
Իսկ ի՞նչ է ստանում Ռուսաստանը։ Եթե նման միջանցքն իրականություն դառնա, որն ավելի հավանական է հայաստանյան խորհրդարանական ընտրություններից հետո, այն ակնհայտորեն ձեռք կբերի տարածաշրջանային նշանակություն։ Դժվար թե Էրդողանին արված նման կարեւորության զիջումը դուրս մնար ռուս-թուրքական փաթեթային առեւտրից։ Այսինքն՝ նման զիջման կարեւորությունը պետք է հուշի, որ այն կարող է միմիայն լինել փոխադարձ։
Մյուս կողմից՝ Կրեմլի գործիքակազմն առանձնապես մեծ չէ՝ տեղում պաշտպանելու ռուսական շահը։ Այլ կերպ ասած՝ Մոսկվան մասնակցելու է՝ իր ռազմուժի միջոցով ապահովելով միջանցքի անվտանգությունը, ինչի մասին արդեն հրապարակավ դատողություններ են արվում։ Վերահսկելով «Զանգեզուրի միջանցքը»՝ Ռուսաստանը վերահսկողություն է հաստատում նաեւ Հայաստան-Իրան ճանապարհի ու հարաբերությունների վրա՝ փաստացի դառնալով Սյունիքի անվտանգության թիվ մեկ երաշխավորը, հետեւաբար՝ հարց լուծողը։
Արդյո՞ք Ռուսաստանը ցանկանում Սյունիքում փոխարինել Հայաստանին։
Ռեգիոնների կուսակցություն Հայաստանո՞ւմ
Աննախադեպ բան կատարվեց Հայաստանի Հանրապետության քաղաքական պատմության մեջ. երկրի ղեկավարը նախ չկարողացավ այցելել պատերազմից հետո հատկապես կարեւոր դարձած մարզ՝ Սյունիք (դեկտեմբերին պարզապես ընդհատեց այցը՝ հասնելով մինչեւ Սիսիան), իսկ օրեր առաջ բողոքի ակցիայի պատճառով վարչապետի անվտանգության ծառայությունը ուղղակի ստիպված էր էվակուացնել Նիկոլ Փաշինյանին Մեղրիից՝ փաստացի անկատար թողնելով նրա այցը։
Հնարավոր է՝ Սյունիքի «անհնազանդությունը» դիտարկվեր սոսկ որպես իրավիճակային կամ նախընտրական մի մոդելի փորձարկում, եթե այն չուղեկցվեր «ինստիտուցիոնալ» գործընթացով՝ մարզում ազդեցություն ունեցող կլանների առաջնորդների, քաղաքների ու գյուղերի գործող ղեկավարների մասնակցությամբ տեղային կուսակցության ստեղծումը` Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկի՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» բաժնետեր Վահե Հակոբյանի գլխավորությամբ։ «Վերածնվող Հայաստանը» Փաշինյանի կառավարության ամենասուր քննադատներից է։
Թե նախկինում Սյունիքում կենտրոնական իշխանության հենարանը հանդիսացած մարդկանց, կլաններին ո՞վ կարող էր երաշխիքներ տալ քաղաքական նման նախագծի համար, իսկ Երեւանում նստող քաղաքական դերակատարներին, ընդհանրապես, հարկավո՞ր է մարզային նման ուժ, անշո՛ւշտ, կարեւոր հարցեր են։ Բայց մայրաքաղաքից կտրված քաղաքական օրակարգ ձեւավորելը, հետեւաբար համապատասխան կենտրոնախույս շահեր ստեղծելն ու ի վերջո գործելը միանգամայն նոր երեւույթ են Հայաստանի Հանրապետությունում։
Փոխարենը, տխուր օրինակ կա Ուկրաինայում։ Դա Ռուսաստան փախուստի դիմած նախագահ Վիկտոր Յանուկովիչի քաղաքական հենարանն է՝ Ռեգիոննների կուսակցությունը (Партия регионов)։ Դրա ֆինանսավորողների շարքում առաջինը նշվում է երկրի արեւելքում՝ Դոնբասում, լեռնահանքային հսկայական բիզնես կարողություններ ունեցող օլիգարխ Ռինատ Ախմետովի անունը։
Ռեգիոնների կուսակցությունը հատկապես Դոնբասի շահերն էր շարունակաբար առանձնացնում՝ դարձնելով այն Ռուսաստանի կողմից Ուկրաինայի արեւելքի բռնազավթման գաղափարախոսական, տեղեկատվական հենք։
Եթե Հայաստանում խաղարկվում է նույն սցենարը, ապա առաջիկայում պետք է որ ի հայտ գա նաեւ հայկական Յանուկովիչ։
Արդյո՞ք սերմանվում է հայաստանյան անջատողականություն
Նախորդ մի քանի դարերի ընթացքում ներկայիս Լեռնային Ղարաբաղն ու Սյունիքի մարզի մեծ մասը շարունակաբար եղել ու դիտարկվել են մեկ ամբողջություն՝ անգամ գտնվելով վարչատարածքային նույն միավորների կազմում։
16-18-րդ դարերում՝ Սեֆյանների օրոք, դրանք Իրանի Գյանջայի կամ Ղարաբաղի բեգլերբեգության, 18-րդ դարի կեսերից Ղարաբաղի կամ Շուշիի խանության կազմում էին։ 19-րդ դարի սկզբին, երբ Ռուսական կայսրությունը նվաճեց Ղարաբաղի խանությունը, ներկայիս Սյունիքի մարզի զգալի մասը նույնպես անցավ ռուսներին՝ հետագայում Լեռնային Ղարաբաղի հետ ներգրավվելով կայսրության վարչատարածքային նույն միավորների՝ Կասպյան օկրուգի, Շեմախայի ու Ելիզավետպոլի գուբերնյաների մեջ։
Տարածաշրջանում բոլշեւիկյան կարգերը նույնպես հաստատվեցին աշխարհաքաղաքական այս տրամաբանությամբ։ Ադրբեջանի խորհրդայնացումից հետո Հայաստանի առաջին հանրապետության կառավարությունը վերջնագիր ստացավ զորքերը դուրս բերելու Լեռնային Ղարաբաղից ու Զանգեզուրից, եւ ռուս-ադրբեջանական հարձակումն էլ այդ գծով ընթացավ։
44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղ մուտք գործեցին ոչ միայն ռուսական զորքերը։ Հաստատվում է ավելի լայն ռուսական ներկայություն. Արցախում ռուսերենը դարձավ պաշտոնական լեզու, Ռուսաստանն իրականացնում է հումանիտար աջակցության խոշորամասշտաբ ծրագրեր, որն իր ծավալներով համեմատելի է Երեւանի ցուցաբերած օժանդակության հետ, Ստեփանակերտում բացվել են ռուսաստանյան մի շարք կառույցների ներկայացուցչություններ, շարունակաբար շրջանառվում է Լեռնային Ղարաբաղի հայերին ռուսաստանյան անձնագրեր բաժանելու թեման, եւ վերջապես Ռուսաստանի հետ ավելի խոր հարաբերություններ հաստատելը ղարաբաղյան քաղաքական խոսույթի գլխավոր թեման է։
Չնայած պատմական ու աշխարհաքաղաքական նման խորապատկերներին՝ անշուշտ, չենք կարող պնդել, թե հաստատվելով Արցախում՝ ռուսները ցանկանում են տարածվել դեպի Սյունիք։ Սակայն փաստն այն է, որ Արցախում եւ Սյունիքի շուրջ ու Սյունիքում գործընթացներն այսօր զուգահեռ են։
Չենք կարող պնդել, բայց հարցեր բարձրացնել կարող ենք, եւ հարցերի հարցը հետեւյալն է՝ արդյո՞ք սերմանվում է հայաստանյան անջատողականություն։
Արտաշես Տեր-Հարությունյան