Ուկրաինական Kyiv Post պարբերականի թղթակից Նատալյա Դացկեւիչը Լվովի մերձակայքում հոլանդացիների հիմնած Galicia Greenery-ի օրինակով վերլուծում է իր երկրի ներդրումային միջավայրը եւ անում եզրակացություններ, որոնք կարող են օգտակար լինել Հայաստանի գյուղատնտեսության իրավիճակը գնահատելու համար։
Greenery-ն հոլանդական ընկերություն է՝ հիմնված Լվովի մարզում՝ Կիեւից 550 կմ արեւմուտք: Սկզբում հոլանդացի ներդրողները ծրագրել էին կառուցել 15 հա ջերմոցներ, բայց Ուկրաինայում ներդրումային միջավայրի թերի լինելու պատճառով կառուցեցին ընդամենը 0,8 հա:
Ուկրաինան իր գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասը վաճառում է Եվրամիության երկրներին. անցյալ տարի երկրի գյուղատնտեսական արտահանումների՝ հացահատիկի, ձավարեղենի, արևածաղկի ձեթի մեկ երրորդը վաճառվել է ԵՄ երկրներին, մասնավորապես Հոլանդիային:
Ուկրաինան 1,4 միլիարդ դոլար արժողության գյուղատնտեսական ապրանքներ է արտահանել Նիդերլանդներ, դա երկկողմ առեւտրի մի մասն է, որը 2020 թվականին կազմել է 2,5 միլիարդ դոլար:
Ըստ վիճակագրության՝ 2020-ի հունվար-նոյեմբերին ԵՄ 27 երկրներ Ուկրաինայից գնել են 5,8 միլիարդ դոլար արժողության սնունդ:
Ուկրաինան, իր հերթին, Նիդերլանդներից ներմուծել է 740 միլիոն դոլար արժողության ապրանքներ՝ հիմնականում մեքենաներ, դեղագործական նյութեր, կաթնամթերք, բանջարեղեն, բույսեր, կակաո եւ ծխախոտ:
Գործընկերությունն ավելի ամուր կլիներ, եթե Ուկրաինայում օրենքը գերակա լիներ:
«Երկիրը հնարավորություններ ունի, ունի հմուտ աշխատուժ։ Ամեն ինչ հաջող էր լինելու,- ասում է Ուկրաինայում հոլանդական DAF բեռնատար ավտոմեքենաների պաշտոնական դիլեր, EVW Automotive-ի համահիմնադիր Յան Ստինստրան:- Բայց եթե ներդրումները պաշտպանված չեն, որոշում կայացնելը շատ է դժվարանում»:
Հոլանդական ջերմոցներ
Ուկրաինայից մոտ 14 անգամ փոքր, ընդամենը 17 միլիոն բնակչությամբ Նիդերլանդները աշխարհի խոշոր առեւտրային կենտրոններից է: 2020 թվականին Նիդերլանդներն արտահանել է 675 միլիարդ դոլար արժողության ապրանքներ: Համեմատության համար նշենք, որ Ուկրաինայի արտահանումը հասել է ընդամենը 49 միլիարդ դոլարի:
Չնայած իր գյուղատնտեսական հաջողություններին՝ մասնավորապես հացահատիկի արտադրության, Ուկրաինայի արտադրությունն այլ ոլորտներում անբավարար է: Օրինակ՝ հատկապես ձմռանը ստիպված են ներմուծել հսկայական քանակության բանջարեղեն՝ լոլիկ, տերեւավոր կանաչեղեն: 2020-ին ջերմոցային լոլիկի ներմուծումը հասավ ռեկորդային 86,700 տոննայի՝ 21 % -ով ավելի, քան նախորդ տարի:
Նիդերլանդներն ունի ավելի քան 9000 հա ջերմոցային արտադրություն, դրանց թիվը Ուկրաինայում վերջին յոթ տարում կիսով չափ կրճատվել է՝ 500 հա-ից մինչեւ 280 հա:
Հիմնական պատճառը պետական աջակցության բացակայությունն է, էլեկտրաէներգիայի եւ գազի բարձր գները եւ վարկային ոչ բարենպաստ պայմանները։
«Բիզնեսը պետք է լինի չափազանց շահութաբեր, որ կարողանա վարկեր վճարել 12-13 %, ազգային արժույթով»,- ասում է Galicia Greenery-ի տնօրեն Սերգեյ Լենչուկը: Նրա համար Ուկրաինայում ջերմոցներ աշխատեցնելն ավելի դժվար է, քան Ղազախստանում:
«Երբ Ղազախստանում կամ Ուկրաինայում զարգացման բիզնես պլան է դրվում սեղանին, ներդրողներն ընտրում են Ղազախստանը,- ասում է նա:- Այնտեղ գրավչությունն ավելի մեծ է, իսկ մարման պայմաններն` ավելի տանելի»:
Galicia Greenery-ն ներդրել է 5 միլիոն եվրո 2015-ին Ուկրաինայում բիզնես սկսելու համար: Ներդրումները դեռեւս շահույթ չեն ապահովում:
Արեւելյան Եվրոպայում հոլանդացի ներդրողներն ավելի շատ վստահություն ունեն լեհական իրավական համակարգի նկատմամբ, քանի որ այն թափանցիկ է: «Ուկրաինայում այդպես չէ»,- ասում է Ստինստրան:
Երկիրը հոլանդացի ագարակատերերի համար ավելի գրավիչ դարձնելու համար Ուկրաինան պետք է հստակեցնի, թե «օտարերկրյա ներդրողներն ինչ կարող են ակնկալել»,- ասում է Կիևում Նիդերլանդների դեսպանատան գյուղատնտեսական խորհրդատու Ռեյնուդ Նուիջթենը: Ներկայում անորոշ է, թե ինչպես եւ ով կարող է գնել կամ վարձակալել հողը: «Իրավիճակը բարենպաստ չէ օտարերկրացիների համար»,- ասում է Նուիջթենը:
Պատրաստեց Կարինե Դավոյանը