Հնդկական The Free Press Journal պարբերականը, հղում անելով Ռուսաստանի ԱԳ նախարարությանը, նոր սառը պատերազմ է կանխագուշակում։
Ըստ The Free Press Journal-ի՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովն ասել է, որ փոխադարձ հարգանքի բացակայության պատճառով ԱՄՆ-ի հետ հարաբերություններն այժմ նույնիսկ ավելի վատն են, քան սառը պատերազմի ժամանակաշրջանում: «Մոսկվան պատրաստ է կարգավորելու հարաբերությունները Վաշինգտոնի հետ, բայց ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Ռուսաստանի եւ Չինաստանի դեմ իր դաշնակիցներին միավորելու պրակտիկան»:
Նա զգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ն խուսափի փոխադարձ հարգանքից, շահերի հավասարակշռության վրա հիմնված երկխոսությունից, «մենք կապրենք «սառը պատերազմի» կամ ավելի վատ պայմաններում»:
«Սառը պատերազմի տարիներին լարվածությունը բարձր էր, եւ հաճախ առաջանում էին ռիսկային ճգնաժամային իրավիճակներ, բայց կար նաեւ փոխադարձ հարգանք։ Ինձ թվում է՝ այժմ դրա պակասն է զգացվում»,- ասել է Լավրովը։
Ըստ ՌԴ ԱԳ նախարարի՝ Մոսկվան «դրական» է վերաբերվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջարկին, բայց դեռ պետք է վերլուծել նախաձեռնության բոլոր ասպեկտները: