Եվրամիության անդամ 27 երկրի արտգործնախարարների նիստում որոշվել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ ի պատասխան ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի եւ նրա աջակիցների ազատազրկման:
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձրագույն հանձնակատար Ջոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիության հետ հարաբերություններում Ռուսաստանն ակնհայտորեն ընտրել է առճակատման ճանապարհը:
Բորելը վերջերս անձամբ մեկնեց Մոսկվա՝ ընդգծելու համար, որ Նավալնիի գործը կարող է ջրբաժան դառնալ երկկողմ հարաբերություններում։ ՌԴ-ն ոչ միայն չվերանայեց դիրքորոշումը, այլեւ Բորելի այցի օրերին երկրից ցուցադրաբար վտարեց եվրոպական երեք երկրի դիվանագետների։
Արեւմտյան պետություններն արդեն քանի շաբաթ միաբերան դատապարտում են Նավալնիի ազատազրկումն ու պնդում, որ ընդդիմադիր գործիչը ճաղերի հետեւում է հայտնվել Ռուսաստանի իշխանություններին քննադատելու, կոռուպցիոն գործարքները բացահայտելու համար։
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը պնդել է, որ չի կարելի աչք փակել մարդու իրավունքների այսօրինակ ոտնահարման վրա, եւ ինքը կողմ է հավելյալ որոշակի անձանց հանդեպ պատժամիջոցների խստացմանը։
Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ ԵՄ սեւ ցուցակում են Ռուսաստանի չորս բարձրաստիճան պաշտոնյա՝ Քննչական կոմիտեի եւ քրեակատարողական վարչության ղեկավարները, Ռոսգվարդիայի տնօրենն ու գլխավոր դատախազը։ Չի բացառվում, որ ցանկում ընդգրկվեն նաեւ այլ պաշտոնյաներ։ Նախատեսվում է սառեցնել նրանց բանկային հաշիվները, արգելել մուտքը ԵՄ տարածք։
Պատժամիջոցների վերջնական ցանկը կհաստատվի հաջորդ ամիս՝ Եվրամիության 27 երկրի ղեկավարների հանդիպման ժամանակ։
Չի բացառվում, որ նախաձեռնությանը միանա նաեւ Վաշինգտոնը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը արտաքին քաղաքականության վերաբերյալ իր ծրագրային ելույթում ասել է, որ Ամերիկան, հանուն ժողովրդավարության ամրապնդման, չի վարանի խստացնել սահմանափակումները Ռուսաստանի հանդեպ եւ կհամագործակցի Նահանգների՝ այդ տեսակետն ընդունող երկրների ու դաշնակիցների հետ։