Ճանապարհորդության եւ զբոսաշրջության համաշխարհային խորհուրդը (WTTC) Հունաստանին շնորհել է «Քովիդ-19 ճգնաժամի կառավարման գլոբալ չեմպիոն» մրցանակը՝ համավարակի պայմաններում երկիրը զբոսաշրջության համար անվտանգ կերպով բացելու համար։
Մրցանակը ստացել է զբոսաշրջության նախարար Հարի Թեոհարիսը Մեքսիկայի Կանկուն քաղաքում անցկացված WTTC-ի ամենամյա գլոբալ համաժողովում։
Շնորհակալական խոսքում Թեոհարիսը մրցանակն աննախադեպ հաջողություն է համարել եւ ասել, որ դա շնորհվում է Հունաստանի զբոսաշրջային ամբողջ արդյունաբերությանը։
«WTCC-ն գնահատում է հսկայական այն ջանքը, որ ներդրել են մեր ձեռներեցները, աշխատակիցները եւ բոլոր նրանք, ովքեր ներգրավված են զբոսաշրջային ծառայությունների մատուցման ոլորտում։ Մեզ հաջողվեց հույս տալ միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում՝ գործնականում ապացուցելով, որ հնարավոր է հասնել առողջության անվտանգության»: