Թուրքական ընդդիմադիր Cumhuriyet թերթի լրագրող Մուսթաֆա Բիրոլ Գյուգերն իր սյունակում անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցում Իրանի պաշտոնական դիրքորոշմանը:
Ըստ հեղինակի, լինելով տասնամյակներ շարունակ Թուրքիայի եւ Ադրբեջանի շրջափակման մեջ գտնվող Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերը, Թուրքիայի հետ հարաբերությունների պահպանման անհրաժեշտություն տեսնող Իրանը, այնուամենայնիվ, պաշտոնապես չի ընդունել Հայոց ցեղասպանությունը։
Բայց տարածաշրջանային մի շարք հարցերում, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում, Իրանն անցել է Հայաստանի կողմը:
Գյուգերը նաեւ նշում է, որ Իրանի բազմաթիվ ղեկավարներ, ինչպես, օրինակ՝ Իրանի նախկին նախագահ Մոհամադ Խաթամին, ժամանակին Երեւանում այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
«Ավելին՝ դեռ 2010-ին Իրանի փոխնախագահ Համիդ Բաղային Թուրքիային դատապարտել է ցեղասպանական գործողությունների համար: Դա երկու երկրների միջեւ ճգնաժամի պատճառ էր դարձել»,- հիշեցնում է հոդվածի հեղինակը։
Հայոց ցեղասպանության հարցը թուրք վերլուծաբանը ներկայացնում է ժխտողականության դիրքերից՝ դա ընդամենը հայկական շրջանակների կողմից արվող պնդում համարելով։