ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայտնել է, որ Եվրոպական խորհրդարանի 122 պատգամավոր դիմել է Եվրոպական հանձնաժողովի նախագահին ու Եվրոպական խորհրդի նախագահին՝ Ադրբեջանին հայ ռազմագերիներին ազատ արձակել հարկադրելու պահանջով:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին եւ ԵԽ նախագահ Շառլ Միշելին ուղղված նամակում եվրապատգամավորները պահանջում են Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց անհապաղ վերադարձ հայրենիք:
Նրանք ընդգծել են, որ Ադրբեջանի մոտեցումը ոչ միայն հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է, այլեւ խորապես հակասում է հարաբերությունների կարգավորման եւ հաշտեցման վերաբերյալ նրա իսկ պնդումներին:
Եվրապատգամավորները նշել են, որ եթե Եվրոպան ցանկանում է կատարել ստանձնած պարտավորությունները, պետք է ապահովի, որ իր հարեւանությամբ միջազգային օրենքի խախտումը ողբերգական նախադեպ չդառնա: «Հակառակ դեպքում լռությունն ու անգործությունը կդառնան պատմական պատասխանատվություն»,- ընդգծված է նամակում:
«Պատգամավորները նշել են, որ խոսքն այն 72 անձանց մասին է, որոնց գերեվարման փաստն Ադրբեջանն ընդունում է, նաեւ այն 112 անձանց, որոնց մասին որեւէ տեղեկություն Ադրբեջանը չի տրամադրում, եւ վերջապես այն 61 անձանց մասին, որոնց գերեվարման փաստը թեեւ Ադրբեջանը հերքում է, սակայն հակառակն ապացուցող փաստեր կան»,- նշել է Արման Եղոյանը։
Եվրապատգամավորները նաեւ ընդգծել են, որ թեեւ Ադրբեջանը ռազմագերների մի մասին փորձում է ներկայացնել որպես ահաբեկիչներ, որոնք իբր խախտել են հրադադարի ռեժիմն այն ավարտելուց որոշ ժամանակ անց, այդուհանդերձ, դա ապացուցող որեւէ փաստ չի ներկայացվել:
Պատգամավորները շեշտել են, որ Ադրբեջանի պահվածքը միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված ռազմագերների կարգավիճակի խախտում է։