ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) ողջունել են Ադրբեջանի կողմից երեք հայ ռազմագերիների` Ռոբերտ Վարդանյանի, Սամվել Շուխյանի եւ Սերյան Թամրազյանի ազատ արձակումը:
Համանախագահները կոչ են արել կողմերին ամբողջությամբ եւ արագորեն ավարտելու ձերբակալվածների եւ զոհվածների մասունքների փոխանակման գործընթացը, հարգելու կալանավորների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքն ապահովելու պարտավորությունները:
Հիշեցնելով ապրիլի 13-ի իրենց հայտարարությունը` համանախագահները կողմերին հորդորել են փոխանակել հակամարտության շրջանների արդյունավետ ականազերծման համար անհրաժեշտ բոլոր տվյալները, եւս մեկ անգամ կոչ արել վերացնելու Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումները, այդ թվում` միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների համար:
Համանախագահները խրախուսել են կողմերին ձեռնարկել որոշակի քայլեր փոխվստահության մթնոլորտ ստեղծելու համար` ի նպաստ խաղաղության ամրապնդման` միաժամանակ հիշեցնելով նախկին հայտարարությունում արդեն մատնանշած կետերը, մասնավորապես բարձր մակարդակի քաղաքական երկխոսության վերսկսումը համանախագահների հովանու ներքո առաջին իսկ հնարավորության դեպքում: