Իսպանիայի Կոնգրեսի 27 պատգամավոր եւ Սենատի 13 անդամ, ինչպես նաեւ տարբեր ինքնավար համայնքների խորհրդարանների եւ քաղաքային խորհրդի 60-ից ավելի անդամ Իսպանիայի կառավարությանը խնդրել են միջամտել բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման հարցում։
Իսպանացի գործիչներն ընդգծել են, որ Բաքվի ռեժիմը 6 ամիս անց էլ դեռեւս հրաժարվում է կիրառել նախորդ տարվա նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված հրադադարի համաձայնագրի հիմնական հումանիտար դրույթներից մեկը՝ ռազմագերիների ազատ արձակումը։
«Համաձայն ստացված տեղեկությունների՝ Ադրբեջանում գերության մեջ են 200-ից ավելի հայ զինվորներ։ Փետրվարի 26-ին մամլո ասուլիսի ընթացքում նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ նրանց համարում է ահաբեկիչներ՝ մեկնաբանելով, որ նրանք ձերբակալվել են նոյեմբերի 9-ից հետո։ Սակայն իրականությունն այն է, որ այդ ժամանակ զինվորները շրջափակման մեջ են եղել Հադրութում։ Այս հատվածը պաշարված էր Ադրբեջանի եւ Թուրքիայի զինված ուժերի եւ ջիհադիստ վարձկանների կողմից, սակայն համաձայնագրի ստորագրման պահին գրավված չի եղել»,- նշել են նրանք։
Հայտարարության մեջ իսպանացի գործիչները շեշտել են, որ համաձայնագրի այս կոպիտ խախտումը եւս մեկ անգամ ի ցույց է դնում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի կատարում իր պարտավորությունները։
«Նրա համար առաջնային է հայերի նկատմամբ ատելությունը, որոնց խոստացել է «որսալ, ինչպես շների»։ Հիշեցնենք, որ նա եւ իր դաշնակիցներն էին, որ պանթուրքիզմի անվան տակ 44 օրերի ընթացքում ռազմական ագրեսիա իրականացրին Լեռնային Ղարաբաղում։ Ռմբակոծությունները, հարձակումները եւ մահապատիժները մեծ մասամբ 20-ամյա 3500-ից ավելի հայ զինվորների մահվան պատճառ դարձան, տասնյակ հազարավոր մարդիկ դարձան փախստականներ եւ ներքին տեղահանվածներ։ Փաստեր, որոնք կոտրում են իրենց իսկ պատմական տարածքներում բնականոն կյանքին վերադառնալու հայ ժողովրդի հույսը Հայոց ցեղասպանությունից 106 տարի անց»,- ըստ Իսպանիայում Հայաստանի դեսպանության՝ գրել են իսպանացի գործիչները:
Նրանք ընդգծել են, որ հակամարտության ընթացքում Ադրբեջանը կատարել է տարաբնույթ ռազմական հանցագործություններ. «Կան տարածված բազմաթիվ տեսանյութեր, որտեղ տեսնում ենք հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց մահապատժի եւ անմարդկային տանջանքների ենթարկելը, անգամ դիակների անդամահատումները։ Այս ամենը հաշվի առնելով՝ սարսափել կարելի է, թե ինչպես են վարվում նրանց հետ, ովքեր այս պահին գտնվում են այդ նավթային բռնապետության քմահաճույքի ներքո»։
Վկայակոչելով միջազգային հեղինակավոր կառույցների զեկույցները՝ հայտարարության հեղինակները հիշեցրել են. «Չպետք է մոռանալ, որ այս ռեժիմը մոլորակում վերջիններից մեկն է համարվում Freedom House-ի կողմից վերջերս հրապարակված ազատության եւ ժողովրդավարության զեկույցում։ Այս որակումը բազմիցս տրվել է նաեւ մարդու իրավունքներին առնչվող տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը նույնպես մամուլի ազատության վարկանիշային ցուցակում 180 երկրների շարքում Ադրբեջանին հատկացրել է 168-րդ տեղը։ Մի պետություն, որ լիդեր է մարդու իրավունքների խախտման հարցում»։
Նրանք ցավով նշել են, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չկարողացավ կանխել պատերազմը կամ պաշտպանել նրանից զոհերին, սակայն պետք է գոնե ունակ լիներ ապահովել, որպեսզի հարգվեր հրադադարի համաձայնագրի հումանիտար կետը։
«Այս կետի իրագործումը նախապայման է բանակցային ճանապարհով վերջնական խաղաղության հասնելու համար։ Իրավունքը պետք է գերիշխի բռնությանն այս տարածաշրջանում, որը չի կարող լքված մնալ բարբարոսության եւ տոտալիտարիզմի պայմաններում։
Վերոնշյալ հանգամանքներով պայմանավորված՝ մենք՝ ներքոստորագրյալներս, խնդրում ենք Իսպանիայի կառավարությանը, որպեսզի օգտագործի իր ամբողջ կարողությունը եւ միջազգային ազդեցությունը՝ հայ ռազմագերիների ազատ արձակմանը հասնելու համար»,- եզրափակել են իսպանացի քաղաքական ու հասարակական գործիչները։