Մեծ յոթնյակի երկրների՝ արտգործնախարարների մակարդակով լոնդոնյան հանդիպման գլխավոր թեմաներից մեկը Ռուսաստանի հետ հարաբերություններն էին: ՌԴ-ին Յոթնյակից դուրս մղելը կապված էր Ղրիմի խնդրի հետ: Իսկ այժմ, ինչպես նշել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, եթե Ռուսաստանը ագրեսիվ քաղաքականություն որդեգրի Ուկրաինայի սահմանի մոտ, արժանի պատասխան կստանա:
Օրակարգի գլխավոր մյուս հարցը Չինաստանն էր: Բլինքենը հայտարարել է, որ իրենց նպատակը Չինաստանին զսպելը չէ: «Մենք պարզապես ուզում ենք պահպանել միջազգային օրենքներով հաստատված կանոնակարգը»,- ընդգծել է նա:
Մեծ յոթնյակի ուշադրության կենտրոնում էր նաեւ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, եւ Լոնդոն էին հրավիրվել Ավստրալիայի, Հնդկաստանի, Հարավաֆրիկյան Հանրապետության եւ Հարավային Կորեայի արտգործնախարարները:
Մեծ յոթնյակի նախարարների քննարկման թեմաներից էին Մյանմայում ռազմական հեղաշրջմանը համակարգված պատասխան տալու եւ Աֆղանստանից ՆԱՏՕ-ի, մասնավորապես ամերիկյան ուժերի դուրսբերման հարցերը:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ երբ Մեծ Բրիտանիան հունիսին ընդունի Մեծ յոթնյակի անդամ երկրների առաջնորդներին, կարեւոր հարցերից մեկը կորոնավիրուսի համավարակի դեմ համակարգված պայքարի ուղիների քննարկումը կլինի:
Մեծ յոթնյակն արդեն երկու տարի դեմ առ դեմ հանդիպումներ չէր անցկացրել: Այս հանդիպումն անցել է սոցիալական հեռավորության պահպանման պայմաններում: