Ըստ ամերիկյան Bloomberg գործակալության՝ Մեծ քսանյակի (G20) երկրների զբոսաշրջության նախարարները դրական են արձագանքել համավարակի դեմ պայքարում այսպես կոչված «պատվաստման անձնագրեր» ներդնելու գաղափարին:
Իտալիայի զբոսաշրջության նախարար Մասսիմո Գարավալյայի պնդմամբ՝ քսանյակի իր գործընկերները նշել են, որ զբոսաշրջության բնագավառում վճռորոշ նշանակություն ունի կորոնավիրուսի համավարակից հետո համաշխարհային տնտեսության վերականգնումը: Այդ առումով «պատվաստման անձնագրերն» ավելի քան հրատապ են:
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին էլ հայտարարել է, որ հունիսի երկրորդ կեսից ԵՄ-ում սկսելու է գործել կորոնավիրուսի դեմ պատվաստման եվրոպական վկայագիրը:
Հիշեցման կարգով նշենք, որ G20-ի երկրներն են Եվրամիությունը եւ Ավստրալիան, Արգենտինան, Բրազիլիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իտալիան, Կանադան, Չինաստանը, Մեքսիկան, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Հարավային Կորեան, Ճապոնիան:
Հայաստանը եւս կարեւորում է պատվաստման վկայագրերի առկայությունը: ՀՀ կառավարությունը հայտարարել է, որ առաջիկայում ճամփորդելու համար պարտադիր պայման կդառնա կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը: ՀՀ-ում արդեն պատրաստվել է կանաչ անձնագրերի էլեկտրոնային պլատֆորմը, եւ քաղաքացին հեռախոսում կունենա պատվաստումը հավաստող տեղեկություն, որը հնարավորություն կտա ճամփորդելու սահմանափակումների առկայության պայմաններում։ Այս գործընթացը կարեւոր է ոչ միայն Հայաստանից մեկնողների, այլեւ Հայաստան այցելողների բնականոն հոսքն ապահովելու առումով։
Մեր հարեւան Վրաստանը նույնպես քովիդ-անձնագրեր կունենա: Շաբաթվա ընթացքում Վրաստանի ԱՆ-ն ու հիվանդությունների վերահսկման կենտրոնը կներկայացնեն անձնագրի նախնական հայեցակարգը: Այնուհետեւ անձնագիրը կներկայացվի Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հատուկ ստեղծված միջկառավարական խորհրդի եւ կառավարության հաստատմանը:
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն նշել է, որ անձնագիրը կլինի հավաստագրի տեսքով, որում թղթային կամ էլեկտրոնային տարբերակով նշված կլինի քաղաքացու քովիդի դեմ պատվաստման կարգավիճակը, տեղեկություն վերջին 72 ժամվա ընթացքում PCR թեստի ու դրա պատասխանի մասին: Քննարկվում է նաեւ կորոնավիրուսով վարակման տվյալների ներառման հարցը: Այս ամենը քաղաքացին կիմանա հատուկ QR կոդի միջոցով: