Լատվիան պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Բանաձեւին կողմ է քվեարկել Սաեյմայի 100 անդամներից 58-ը:
Լատվիայում, Լիտվայում եւ Էստոնիայում (առաքելությունն ավարտող) ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Լատվիայի խորհրդարանի ընդունած բանաձեւը՝ իր թարգմանությամբ:
«Հայտարարություն Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում իրականացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ
Լատվիայի Հանրապետության Սաեյման, նշելով, որ կարեւոր է ոգեկոչել Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, այն զանգվածային սպանդը եւ պարտադրված տեղահանությունները, որոնք սկսվեցին 1915 թ․ ապրիլի 24-ին նախկին Կոստանդնուպոլիսի հայ համայնքի մտավորականների ու ականավոր անհատների ձերբակալություններով,
հաշվի առնելով ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիան եւ Եվրոպական խորհրդարանի 1987 թ․ հունիսի 18-ի բանաձեւը, որը նշում է, որ այս դեպքերը, համաձայն «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիայի, հանդիսանում են ցեղասպանություն,
ընդգծելով, որ Լատվիան դատապարտում է մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները, եւ որ Լատվիան գիտակցում է այդ հանցագործությունները ճանաչելու եւ հիշելու իր պարտականությունը՝ դրանց կրկնությունը կանխարգելելու նպատակով,
ճանաչելով, որ օսմանյան իշխանությունների գործողությունների հետեւանքով հայ ժողովրդի մի ստվար քանակություն արտաքսվել է կայսրության այլ հատվածներ, ինչը բազմաթիվ զոհերի պատճառ է հանդիսացել՝ սովահարության, դաժանությունների եւ սպանդի գործադրմամբ,
դատապարտում է այն հանցանքները, սպանդը եւ բռնի տեղահանությունը, որոնք իրագործվել են օսմանյան իշխանությունների կողմից հայ ժողովրդի նկատմամբ,
հարգում է Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի հիշատակը եւ հարգանքի տուրք է մատուցում բոլոր փրկվածներին,
հաստատում է, որ պատմական հարցերի շուրջ բաց եւ ազատ քննարկումները անքակտելիորեն կապված են առողջ եւ հասուն ժողովրդավարության զարգացման հետ,
կոչ է անում միջազգային հանրությանը գնահատական տալու այս պատմական իրադարձություններին եւ նայելու դեպի այն ապագան, որը ցանկանում ենք կառուցել՝ առանց բռնության եւ անհանդուրժողականության, ապագա, որտեղ մարդու իրավունքները հարգվում են, եւ յուրաքանչյուր անհատ կարող է լինել ազատ, անվտանգ եւ ապահով»։