Հնդկաստանում կորոնավիրուսի տարածման երրորդ ալիքն անխուսափելիորեն կսկսվի երկրում կորոնավիրուսի հնդկական շտամի շրջանառության բարձր մակարդակի պատճառով:
Ըստ The Indian Express թերթի՝ Հնդկաստանի վարչապետի գիտական գլխավոր խորհրդական Վիջայ Ռագհավանը հայտարարել է, որ երկրում զանգվածային վարակում հարուցած նոր շտամն ավելի է ընտելացած պաշտպանության միջոցների հակազդեցությանը եւ պայքարի նոր մոտեցում է պահանջում:
Խորհրդականը նշել է, որ երրորդ ալիքի դիմագրավման համար անհրաժեշտ են համաճարակային հսկողության խիստ ուժեղացում, գոյություն ունեցող պատվաստանյութերի արդիականացում եւ սոցիալական անվտանգության կանոնների պահպանում:
Հնդկաստանը կորոնավիրուսով վարակվածների թվով աշխարհում երկրորդ տեղում է ԱՄՆ-ից հետո, կորոնավիրուսից վախճանվածների թվով՝ երրորդ տեղում՝ ԱՄՆ-ից եւ Բրազիլիայից հետո:
Թուրքիան էլ կորոնավիրուսի վարակակիրների թվով Եվրոպայում առաջին տեղում է հայտնվել: Հիվանդության ծավալներն այստեղ մի քանի շաբաթվա ընթացքում հնգապատկվել են:
Երկրում երեք շաբաթով խիստ սահմանափակումներ են մտցվել: Ստամբուլում պարետային ժամ է հայտարարված:
Կորոնավիրուսի արագ տարածմանը նպաստում են Չինաստանից պատվաստանյութերի մատակարարման ուշացումները: Ռուսաստանը Թուրքիային Sputnik V կհատկացնի մայիսի վերջին: BioNTech-ի մեկուկես միլիոն չափաբաժին Գերմանիայից Թուրքիա էր բերվել մարտին։