ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ընդգծել է, որ ՌԴ-ն չի նվազեցնում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմից հետո բոլոր պահվող անձանց հայրենիք վերադարձին, ականազերծմանը, ինչպես նաեւ մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանմանն ուղղված ջանքերը:
Նա նշել է, որ Այվազյանի հետ հանդիպմանը մանրամասն անդրադարձ է արվել Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակին, ընդգծվել ձեռք բերված առաջխաղացումը եւ իրավիճակի կայունացումը:
Սերգեյ Լավրովը շեշտել է, որ տարածաշրջանում իրավիճակի կայունացման մեջ մեծ դեր ունի Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորությամբ ստեղծված եռակողմ աշխատանքային խումբը, որը միտված է տարածաշրջանի ապաշրջափակման հարցերի լուծմանը:
«Մեր հարաբերությունները մեծ կարեւորություն ունեն Հարավային Կովկասում խաղաղության ու կայունացման հարցում»,- ընդգծել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը: