Օրերս Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանությանն առնչվող գործերին ավելացավ եւս մեկը՝ գերության մեջ 19 անձանց խոշտանգման եւ սպանության գործը:
Ամերիկաբնակ իրավապաշտպան, Հայ իրավաբանական միության նախկին նախագահ (այժմ՝ խորհրդի անդամ) Կարո Ղազարյանը «Ալիք մեդիա»-ի հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձը եւ նրանց նկատմամբ խոշտանգումները դադարեցնելը ոչ միայն եվրոպական կառույցների, այլեւ ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում պետք է լինեն, քանի որ, ինչպես ասում է, վերջին տասնամյակների աշխարհի պատերազմական պատմության մեջ աննախադեպ իրավիճակ է ստեղծված:
Բազմիցս դատապարտել են, մարդու իրավունքների խախտում են համարել, ռազմական հանցագործություն են որակել, պահանջել գերիների վերադարձ, եւ վաղուց ժամանակն է, որ եվրոպական հաստատություններն ու երկրներն իրենց խոսքը գործի վերածեն կամ դուրս մնան գործընթացներից եւ չխոսեն այլեւս, քանի որ արդեն խեղկատակության է վերածվում: ՄԻԵԴ-ի կիրառած միջանկյալ միջոցների մասին ծանուցվել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին, որն, ի դեպ, լուրջ կառույց է, բայց այդ առումով էլ առաջընթաց չկա, Ադրբեջանն անտեսել է բոլոր այս որոշումները:
Մյուս կողմից էլ պետք է իմանալ, որ միջազգային դատարանները, որոնք ընդունում են այդ որոշումները, չունեն իրենց բանակը, զորքը, որոնցով գնան, պարտադրեն Ադրբեջանին, որ վերջինս կիրառի իրենց որոշումները: Բայց եվրոպական դատարանների օրենքներին մասնակից երկրները կարող են իրենց հերթին վերջնագրեր ներկայացնել Ադրբեջանին եւ կիրառել տնտեսական եւ այլ պատժամիջոցներ: Ուրիշ որեւէ ձեւով այս պահին հնարավոր չէ գործի դնել այդ որոշումները: Եվրոպական երկրները կարող են, ասենք, չեղարկել ադրբեջանցի ուսանողների եվրոպական վիզաները, ադրբեջանցիների մասնակցությունն իրենց երկրներում այս կամ ծրագրի եւ նման այլ քայլերի դիմել: Քաղաքական կամք է պետք: Բայց այսօր, ինչպես տեսնում եք, մարդու իրավունքները ստորադասվում են քաղաքական շահերին, եւ Եվրոպան ավելի շատ հետաքրքրված է Ադրբեջանից այս կամ այն խողովակով նավթ ստանալով, քան մարդու իրավունքներով: Մարդու իրավունքները մեծագույն արժեք են, իսկ քաղաքականությունը, ինչպես տեսնում ենք, մշտական սկզբունքներ չունի, ունի մշտական շահեր:
Բոլորս հույս ունեինք, որ ԱՄՆ նախագահի ապրիլի 24-ի հայտարարությունն այս առումով իրավիճակ կփոխի, ասենք՝ Թուրքիան կզսպվի եւ չի քաջալերի Ադրբեջանին, բայց տեսանք, որ այդ հայտարարությունից մեկ շաբաթ հետո ԱՄՆ նախագահը պատրաստակամություն հայտնեց վերացնելու Ադրբեջանի դեմ պատժամիջոցները: Սա հիասթափություն էր:
Ես կարծում եմ՝ Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումը մի հետաքրքրիր իրողություն է ի հայտ բերում, որ շատերը կարծես չեն նկատում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներն էլ Հայոց ցեղասպանության փաստն ընդունած եւ ճանաչած երկրներ են, եւ եթե այդ հիմքով առաջ գնանք, ապա կտեսնենք, որ ճանաչելով 106 տարի առաջ կատարվածը՝ ընդունում են, որ այն մարդու իրավունքների ամենավայրենի խախտումների շարք է: Վերադառնալով 21-րդ դար՝ այդ երեք երկրները իրենք իրենց պետք է հաշիվ տան, որ այդ ինչպես է, որ անցյալի այդ դեպքերը դատապարտում են, իսկ այսօրվա դեպքերի առջեւ աչք են փակում, չեն լսում Ալիեւի հոխորտանքները եւ այլն: Իսկ Ալիեւի հոխորտանքներին («Երեւանը մերն է» կամ «Ինչ որ չտաք, մենք զենքով կգրավենք» եւ այլն) չպետք է վերաբերվել որպես զուտ քաջարի հայտարարությունների՝ առանց դրանց մեջ նպատակ կամ բովանդակություն տեսնելու: 44-օրյա պատերազմն էլ այդպիսի հայտարարությունների իրագործումն էր. որպես փաստ մեր աչքի առջեւ է: Պետք է լուրջ նայել սրան: Ի տարբերություն օսմանյան թուրքերի, որոնք ցեղասպանության ժամանակ հայտարարել էին, որ միայն մի հայ են թողնելու, այն էլ՝ թանգարանում, Ալիեւը ինքը բացեց թանգարան, որտեղ «դրեց» այդ հայերին՝ ծաղրելով եւ անարգելով, ինչը հայատյացության ամենաակնառու քարոզն է իր երկրում:
Մինսկի խումբը ինքն իրեն պետք է կյանքի կոչի եւ, կողմերին հրավիրելով սեղանի շուրջը, քննարկի ամեն ինչ՝ սկսած Ալիեւի հայտարարություններից, արարքներից, պատերազմի ավարտից հետո Ստեփանակերտի վրա կրակելուց, մեքենաների վրա քարերով հարձակվելուց մինչեւ գերիների հարցը: Եվ այս առումով դերակատարություն ունի նախ Ռուսաստանը, որ իբրեւ Մինսկի խմբի համանախագահ՝ այս պահին հողի վրա, տեղում գործող միակ անդամն է՝ խաղաղապահի անվան տակ:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի դերակատարությանը, ապա ԱՄՆ-ի թիվ մեկ խնդիրն այսօր պետք է լինի աշխարհի խաղաղությունն ընդհանրապես: Այնպիսի շրջաններ, ինչպիսիք Փոքր Ասիան, Հայկական լեռնաշխարհը, Անդրկովկասն են եւ այլն, լուցկու նման կարող են բռնկվել, եւ այդ կրակը կտարածվի տարածաշրջանում, ինչը վտանգավոր է: ԱՄՆ-ն էլ, անշուշտ, իր հերթին պետք է դիմեր սանկցիաների՝ գերիների վերադարձի հարցով, եթե ինչ-որ բանի համար էլ չէ, ապա գոնե մարդու իրավունքների ամերիկյան հավատամքը բարձր պահելու համար:
Ես կարծում եմ՝ այդ ուղղությամբ, ամեն դեպքում, բանակցություններ ընթանում են, բայց չեմ կարողանում հասկանալ, թե ինչն է ի վերջո արգելք հանդիսանում: Ինչո՞ւ Եվրոպայի խորհրդի նախարարների խորհուրդն իր կարողությունները գործի չի դնում: Կա մի բան, որ այստեղից դժվար է դատել, պատճառներ կան, որ չեն երեւում:
ԱՄՆ-ի վերջին մեծ պատերազմները հիշելով՝ տեսնում ենք, որ, օրինակ, Վիետնամի դեմ պատերազմից հետո կային բազմաթիվ գերի զինվորականներ, որոնք ինչքան ուշ վերադարձան, այնքան խղճալի վիճակում էին՝ հոգեկան, մտային եւ այլ առումներով: Բայց ԱՄՆ-ն, գործի դնելով իր դիվանագիտությունը, հետամուտ եղավ եւ տասնյակ տարիներ հետո այնտեղ մնացածների աճյունները վերադարձրեց իր երկիր: Հիմա մենք 21-րդ դարում ենք, եւ մեր ապրած ժամանակների բախումների առումով տեղյակ չեմ այսպիսի մեծ քանակով գերիների առկայության մասին, որոնք, ի դեպ, միայն զինվորականներ չեն, այլ նաեւ քաղաքացիական անձինք, այդ թվում՝ ծերեր, կանայք…
Ես կարծում եմ, որ նախընտրական շրջանը բացառիկ շրջան է հենց այս հարցը լուծելու համար: Հիշենք հետպատերազմական օրերը, երբ քաղաքական ուժերը միմյանց դեմ բազմաթիվ մեղադրանքներ էին հնչեցնում, ասում էին, թե իրենք լինեին, այսպիսի բան չէր լինի, կամ իրենք երեք օրից կվերադարձնեին գերիներին եւ այլն: Հիմա ճիշտ ժամանակն է, որ քաղաքական ուժերը գործի դնեն իրենց բոլոր կարողությունները եւ, եթե ունեն հնարավորություն, գործեն միջազգային բեմերում, նախ գերիներին վերադարձնեն եւ հետո ասեն, թե ինչ Հայաստան են տեսնում առաջիկայում, ինչպես պիտի առաջ տանեն երկիրը: Աստված չանի, որ գերիները հունիսի 20-ից հետո դեռ խցերում մնան. այն ուժը, որ մեծամասնություն է դառնալու, թող պատասխանի այն հարցին, թե ինչ է անելու, որ այդպես չլինի:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։