Ըստ Anadolu գործակալության՝ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որով դատապարտել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Լատվիայի խորհրդարանի որոշումը:
«1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն ճանաչելու Լատվիայի խորհրդարանի որոշումը քաղաքական շարժառիթներով պատմությունը վերաշարադրելու անհաջող փորձ է։ Այդ նախաձեռնությունն անօրինական է, առանց իրավական հիմքի»,- հայտարարել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը։
Անկարան Լատվիայի խորհրդարանին կոչ է արել հետ կանգնելու «սխալ քայլից», «չծառայելու որոշ շրջանակների շահերին, որոնք փորձում են պատմությունից թշնամություն սերմանել»։
«Խորհրդարանները պատմություն գրելու եւ մեղադրանքներ ներկայացնելու հարթակներ չեն»,- նշված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում։
Հիշեցնենք, որ մերձբալթյան երեք երկրներից Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել միայն Էստոնիան: Լատվիայից դեռ շատ առաջ՝ 2005 թվականի դեկտեմբերի 15-ին, Լիտվայի Սեյմը (խորհրդարանը) ձայների մեծամասնությամբ ընդունել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ: Լիտվայի պատգամավորները հայ ժողովրդի սպանդը որակել են Ցեղասպանություն եւ կոչ արել Թուրքիայի իշխանություններին՝ ընդունելու այդ պատմական փաստը:
Նշենք, որ թեեւ Էստոնիան պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն այնտեղ զանազան միջոցառումներով հիշատակվում է այդ փաստը: 2014-ին Էստոնիայի Հաապսալու քաղաքում Հայոց եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքար է օծվել, որը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի եւ ցեղասպանությունից մազապուրծ հազարավոր հայ որբերին փրկած էստոնուհի միսիոներ Աննա Հեդվիգ Բյուլի հիշատակին: 2015-ին էլ Էստոնիայի ազգային գրադարանում պաշտոնապես բացվել է «Հայոց ցեղասպանության լուսաբանումը միջազգային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսը: