Ըստ «Արմենպրես»-ի՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ Ֆրանսիան մտահոգված է Ադրբեջանի կողմից Բաքվում ռազմական ավարի՝ պատերազմի ընթացքում որպես ավար վերցված հայկական զինտեխնիկայի եւ իբր հայ զինվորների պատկերող մոմե արձանների «պուրակի» բացման փաստով:
«Որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Ֆրանսիան հավատարիմ է տարածաշրջանում կայուն խաղաղության եւ բարգավաճման հաստատմանը: Ֆրանսիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմում Ադրբեջանի կողմից ռազմական հաղթանակը տոնելու կապակցությամբ կազմակերպված այգու բացման արարողության ժամանակ հանրայնացված ցուցադրությամբ: Այս մահաբեր հակամարտությունը բազմաթիվ ընտանիքների՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում, վիշտ ու աղետ է բերել, եւ բացման այդ արարողությունը հակասում է հաշտության վերականգնման այն ցանկությանը, որին բազմիցս միացել են նաեւ Ադրբեջանի իշխանությունները»,- նշել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն:
Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունն ընդգծել է՝ հանրապետության նախագահը եւ ԱԳՆ նախարարը հավաստում են, որ Ֆրանսիան շարունակելու է աշխատել մյուս համանախագահների հետ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ապրիլի 13-ի հայտարարության տեքստի նպատակներին հասնելու համար:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (ՌԴ) եւ Էնդրյու Շոֆերն (ԱՄՆ) ապրիլի 13-ի հայտարարությունում ընդգծել են, որ կողմերի համար հայտնի տարրերի եւ սկզբունքների հիման վրա հատուկ ուշադրություն պետք է հատկացվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական համընդգրկուն եւ կայուն կարգավորման հաստատմանը:
Այս համատեքստում համանախագահները կողմերին բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո հնարավորինս արագ վերականգնելու կոչ են արել:
Նրանք վերահաստատել են իրենց հովանու ներքո ուղիղ երկկողմ խորհրդակցություններ կազմակերպելու առաջարկը, որպեսզի կողմերը վերանայեն եւ համաձայնության գան իրենց առաջնահերթություններն առանց նախապայմանների արտահայտող համատեղ կառուցվածքային օրակարգի շուրջ:
Համանախագահներն անհրաժեշտ են համարել հավելյալ ջանքեր գործադրել հանուն տեւական խաղաղությանը նպաստող փոխվստահության մթնոլորտի ստեղծման համար: Դրանք ներառում են հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերում են բոլոր ռազմագերիների եւ այլ ձերբակալվածների վերադարձին` միջազգային մարդասիրական իրավունքի դրույթներին համապատասխան, հակամարտության շրջանների արդյունավետ ականազերծման համար անհրաժեշտ բոլոր տվյալների փոխանակմանը, Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումների վերացմանը, այդ թվում`միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների համար, կրոնական եւ մշակութային ժառանգության պահպանմանը եւ պաշտպանությանը, ինչպես նաեւ հակամարտությունից տուժած համայնքների, մարդկանց միջեւ վստահության ամրապնդման այլ միջոցառումների համար անմիջական շփումների եւ համագործակցության խթանմանը: