ԵՄ արտաքին եւ անվտանգային քաղաքականության հարցերով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը աշխարհում ճգնաժամերին արագ արձագանքելու նպատակով մտադիր է ԵՄ օպերատիվ արձագանքման զինված ուժեր կազմավորել:
Խաղաղության 5 հազար երաշխավոր
Արագ արձագանքման ուժերի ստեղծման հարցը ԵՄ անդամ 27 երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի օրակարգի կարեւոր թեմաներից էր: Բորելն այս հայտարարությունն արել է նիստի արդյունքները ներկայացնելիս: ԵՄ բարձրագույն հանձնակատարը լրագրողներին տեղեկացրել է, որ խոսքը 5 հազար մարդուց բաղկացած կազմավորման մասին է: ԵՄ զինուժը կապահովվի անհրաժեշտ միջոցներով, այդ թվում տրանսպորտով ու ռազմական տեխնիկայով:
Առաջարկը սատարել է Եվրամիության 14 պետություն, դրանց թվում՝ Ֆրանսիան եւ Գերմանիան:
Անարգել տեղաշարժ՝ անկախ սահմաններից
Այսօրվա նիստում քննարկվել է նաեւ Եվրամիության ռազմական շարժունակության բարելավման PESCO ծրագրին ԵՄ կազմի մեջ չմտնող երկրների՝ ԱՄՆ-ի, Կանադայի եւ Նորվեգիայի ներգրավման հարցը: PESCO-ն՝ Անվտանգության եւ պաշտպանության ոլորտում մշտական կառուցվածքային համագործակցության ռազմական եվրոպական ծրագիրը, միտված է Եվրոպայում զորքերի անարգել տեղաշարժին՝ անկախ սահմաններից: Դա շատ կարեւոր է անդրատլանտյան համագործակցության եւ Եվրամիության երկրների եւ ՆԱՏՕ-ի գծով նրանց դաշնակիցների միջեւ արդյունավետ փոխգործակցության համար:
Նվազագույն բյուրոկրատիա եւ տեղեկությունների արդյունավետ փոխանակում
PESCO-ի գլխավոր նպատակը ԵՄ-ի անդամների միջեւ տեղեկությունների փոխանակման գործընթացի կատարելագործումն է եւ սահմաններին բյուրոկրատական ընթացակարգերի թուլացումը, ներառյալ մաքսային կանոնների համաձայնեցումը՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի արագ ծավալման եւ անդրսահմանային տեղափոխման պարզեցված կարգի ապահովման համար:
PESCO ծրագիրը ԵՄ-ն հաստատել է 2017 թվականին՝ պաշտպանունակության, եվրոպական ռազմական գործողությունների համար դրա մատչելիության համատեղ զարգացման համար: Ծրագրին իրենց մասնակցությունն է հավաստել Եվրամիության 25 երկիր: Բրյուսելում ընդգծում են, որ PESCO-ն ՆԱՏՕ-ի մրցակիցը չէ: