Ըստ BBC News-ի՝ ամերիկացի միլիարդատեր Ջեֆ Բեզոսի Blue Origin ընկերությունը հայտարարել է հուլիսի 20-ին New Shepard օդաչուավոր հրթիռի արձակման մասին:
Առաջին զբոսաշրջիկ ուղեւորները կլինեն հավանաբար հենց ընկերության աշխատակիցները, սակայն առնվազն մեկ տոմս կհանվի առցանց աճուրդի:
Blue Origin-ի հրթիռը կկատարի ենթաուղեծրային թռիչք, այսինքն՝ Կարմանի գծից՝ 100 կիլոմետրից ավելի չի բարձրանա:
«Աշխարհում միայն 569 մարդ է հատել Կարմանի գիծը»,- նշել է Blue Origin-ի՝ տիեզերագնացների համար տոմսերի վաճառքի գծով տնօրեն Արիանա Քորնելը՝ հավելելով, որ ընկերությունը մտադիր է փոխել այդ իրադրությունը:
Blue Origin-ի հայտարարությունը շուրջ 12 տարվա ընդմիջումից հետո դարձել է տիեզերական զբոսաշրջության վերածնության վկայություն:
New Shepard-ի ուղեւորներն անկշռելիության պայմաններում կլինեն շուրջ երեք րոպե, կտեսնեն տիեզերքի մթությունը եւ Երկրի կոր հեռապատկերը:
Առաջիկայում հրթիռի տոմսը կարող է արժենալ 200 հազար դոլար: Սակայն Քորնելը կարծում է, որ ժամանակի ընթացքում գները կնվազեն:
Բեզոսի ընկերության համար մրցակից կարող է դառնալ Իլոն Մասքը, որի SpaceX կորպորացիան եւս օդաչուավոր հրթիռներ է մշակում: Ավելի վաղ SpaceX-ը NASA-ից «լուսնային» պարտավորագիր է ստացել հայտամրցույթում հաղթանակի արդյունքներով՝ գերազանցելով Blue Origin-ին եւ մյուս մասնակիցներին:
Մինչ այդ զբոսաշրջիկները Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ) են այցելել «Ռոսկոսմոս»-ի հետ պայմանագրերով, բայց պետական կորպորացիան 2009-ին հրաժարվել էր նման թռիչքներից:
Նշենք, որ Կարմանի գիծը համարվում է մթնոլորտի ու տիեզերքի պայմանական սահմանը, որը 100 կմ բարձրության վրա է եւ հաստատվել է Միջազգային ավիացիոն դաշնության կողմից: NASA-ում եւ առհասարակ համարվում է, որ բաց տիեզերքը սկսվում է ծովի մակերեւույթից 122 կմ բարձրությունից, մեկ այլ սահման է 22-միլիոներորդ կիլոմետրը, որում այլեւս Երկրի ձգողականությունը չի զգացվում։
Կարմանի գիծն այդպես է կոչվել հունգարական ծագումով ամերիկացի գիտնական, օդագնացության ոլորտի մասնագետ, ԱՄՆ ԳԱԱ, Փարիզի, Լոնդոնի ԳԱ անդամ Թեոդոր ֆոն Կարմանի անունով: