Կալիֆոռնիայի Դեմոկրատական կուսակցությունը Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի եւ Ադրբեջանի գործած պատերազմական հանցագործությունները դատապարտող բանաձեւ է ընդունել: Բանաձեւը հեղինակել է կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ եւ Լոս Անջելեսի Դեմոկրատական կուսակցության ընտրված անդամ Էլեն Ասատրյանը:
Բանաձեւը միաձայն ընդունվել է կուսակցական համագումարի ընդհանուր նիստում՝ այսպիսով դառնալով կուսակցության 2021 թվականի գործունեության 13 առաջնահերթություններից մեկը։
Բանաձեւով կոչ է արվում Կալիֆոռնիայի պետական աշխատողների կենսաթոշակային գրասենյակին եւ Նահանգային ուսուցիչների կենսաթոշակային գրասենյակին սոցիալական պատասխանատվություն ստանձնելու եւ պետական աշխատողների կենսաթոշակային բոլոր միջոցները դուրս հանելու Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից թողարկված ներդրումային գործիքակազմից, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել 1915-1923-ի Հայոց ցեղասպանությունը, եւ քանի դեռ արցախցիներին չի տրվել իրենց պատմական հողի վրա ազատ ինքնորոշման հնարավորություն։
Գերիների անվտանգ վերադարձի ակնկալիքով
Բանաձեւը ԱՄՆ Կոնգրեսին եւ Բայդենի վարչակազմին հորդորում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ՝ պահանջելով, որ Ադրբեջանի իշխանություններն անհապաղ ազատ արձակեն բոլոր հայ ռազմագերիներին եւ գերեվարված քաղաքացիական անձանց:
Էլեն Ասատրյանն ընդգծել է, որ բանաձեւի ընդունմամբ Կալիֆոռնիայի Դեմոկրատական կուսակցությունը հստակ հաղորդագրություն ուղարկեց Անկարային, Բաքվին, Վաշինգտոնին, որ ժամանակն է անհապաղ քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց անվտանգ վերադարձն ապահովելու համար, եւ ոչ միայն պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ, այլեւ նրանց զրկել որեւէ ներդրումային ծրագրից։
Ուշադրություն պահանջող մարդասիրական ճգնաժամ
«Աջակցությունները, առեւտուրը եւ ներդրումները նշանակում են հանցակից դառնալ Թուրքիայի ցեղասպան քաղաքականությանն ու ցեղասպանության ժխտմանը, մասնակցել այն ռազմական հանցագործություններին, որ Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակում են իրականացնել մինչեւ այսօր»,- շեշտել է նախագծի հեղինակը։
Ասատրյանը նշել է, որ սա մարդասիրական ճգնաժամ է, որը պահանջում է համարձակ նախաձեռնողականություն եւ անմիջական ուշադրություն:
«Մեր պարտքն ու բարոյական պարտականությունն է ամուր դիրքորոշում ցուցաբերել մարդու իրավունքների ոտնահարումների դեմ, ցավի այս պահին զորակցություն ցույց տալ, ուժեղացնել մեր ազգային փոքրամասնությունների ձայները հակառակ ճնշումների՝ պաշտպանելով մարդու կյանքի, ազատության եւ արժանապատիվ գոյության հիմնարար արժեքները»,- նշել է Էլեն Ասատրյանը։