Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իֆթարի՝ ռամադան ամսվա երեկոյան ընթրիքի է հրավիրել երկրի ազգային եւ կրոնական փոքրամասնությունների հոգեւոր ու աշխարհիկ առաջնորդներին։ Ճաշի ընթացքում նա անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Էրդողանը Բայդենի հայտարարությունն անվանել է սխալ եւ անգիտակցաբար արված քայլ:
«Մեզ մոտ միլիոնավոր փաստաթղթեր կան: Բայդենի պես մտածողները թող գան ու նայեն»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Անկարայի Չանքայա պալատում մատուցված իֆթարին հայ համայնքից մասնակցել են Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը եւ Թուրքիայում «Հայկական հիմնադրամների միության» եւ Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն:
Ընթրիքին մասնակցել են նաեւ Կ․ Պոլսի Հունաց Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Առաջինը, Ստամբուլի, Անկարայի ասորական ուղղափառ եկեղեցու մետրոպոլիտ Յուսուֆ Չեթինը, Թուրքիայի րաբունապետ Իսաք Հալեւան, Թուրքիայի ասորական կաթոլիկ համայնքի հոգեւոր առաջնորդ Օրհան Աբդուլահադ Չանլըն եւ ուրիշներ: