Արցախի հերոս եւ միաժամանակ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի տարօրինակ պահվածքը` Ստեփանակերտից հասնել Մարտունի՝ համոզելու տեղի ավագանուն գոնե մի քանի օրով (մինչեւ Արցախում տեղակայված ռուսական զորքերը կնշեն Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի տոնը) ապամոնտաժել Գարեգին Նժդեհի արձանը, անհիմն կերպով անհրաժեշտ ուշադրության չարժանացավ՝ չնայած լրատվամիջոցների բարձրացրած աղմուկին։
Կեւորկով*
Մինչ գեներալ-մայոր Բալասանյանը շարունակում է լռել, փորձենք հասկանալ, թե ում է այս անգամ խանգարում Նժդեհը։ Հայերին Նժդեհը օգնել է, խանգարել չէր կարող։ Ադրբեջանցիներին նույնպես չէր կարող խանգարել, որովհետեւ նրանք պարզապես չունեն իշխանություն ո՛չ Ստեփանակերտում, ո՛չ էլ Մարտունիում, որպեսզի հանդես գան նման անպարկեշտ առաջարկությամբ։ Մնաց ռազմավարական դաշնակիցը։
Իսկ ինչո՞ւ է հատկապես Բալասանյանին խանգարում Նժդեհը, կամ արդյո՞ք նրա այլեւս անթաքույց մտերմությունը Արցախում ռուս խաղաղապահ կոնտինգենտի փոխհրամանատար, գեներալ-մայոր Սերգեյ Ժմուրինի հետ բավարար հիմք է ժամանել Մարտունի ու պահանջել ապամոնտաժել Հայաստանի առաջին հանրապետության պետական ու ռազմական գործչի հուշարձանը։
Սրանք, թերեւս, մանր հարցեր են, երբ փորձում ենք հասկանալ Նժդեհին ապամոնտաժելու՝ ռուսների մոտիվը։ Այո՛, ճիշտ նկատեցիք` ոչ թե հուշարձանը, այլ Նժդեհին, որովհետեւ քարե կոթողը ոչինչ է, եթե այն չի ներկայացնում գաղափար։ Ինչո՞ւ են դեմ Նժդեհի մտքերին. արդյո՞ք այն պատճառով, որ ռուսների պատկերացմամբ վերստեղծվող НКАО-ում չի կարող լինել անկախության գաղափար։
Պատմության հեգնա՞նք է, որ Արցախի հերոսն է առաջ տանում գաղութացումը։
Հիմնադիր հայրերն ու ազգային հերոսները
Բայց Արցախն ունի այլ Ազգային հերոսներ եւս, շուրջ երկու տասնյակը՝ ապրող։ Ինչո՞ւ են նրանք լռում։ Արցախն ունի նաեւ ընտրված իշխանություն, որի հետ ընդդիմությունն անգամ համախմբվեց՝ պատերազմից առաջ եւ հետո։ Լուռ են։
Ազատ եւ արդար ընտրություններով ձեւավորված Փաշինյանի կառավարությունը շարունակում է պնդել, թե Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը, բայց Հայաստանը, փաստորեն, հրաժարվում է սատարել Ադրբեջանի հետ սահմանակից Մարտունիի բնակիչներին, որոնք արգելել են ապամոնտաժել Նժդեհին։
Հայաստանի Հանրապետությունն ունի հիմնադիր հայրեր, որոնք, փառք Աստծո, ողջ են, դեռ ավելին՝ հետաքրքրված ընտրություններով։ Նրանք խնդիր չե՞ն տեսնում։
Զորօրինակ հանրապետականը, որտեղ Սերժ Սարգսյանից հետո հե՛նց Նժդեհն է երկրորդ ամենից հաճախ մեջբերվող գործիչը։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Արցախի հարցը դարձրել է նախընտրական իր քարոզի մեխը։ Ազգային ուժերի՝ Դաշնակցության եւ Նժդեհի պահած Լեռնահայաստանում արդեն մեր օրերում ձեւավորված «Վերածնվող Հայաստանի» հետ։ Բայց նախընտրական կազմակերպչական հարցերը, հավանաբար, ժամանակ չեն թողնում նկատելու այս մի դավաճանությունը եւս։
Լռում են նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսում. կարծես այդպես էլ պետք է լինի` հայկական պետությունում պետք է ապամոնտաժել Նժդեհին։
Ի՞նչ է փոխվել Հայաստանում, որի մասին չեն ասում
Նախորդ անգամ, հիշում եմ, երբ Հայաստանում սկսեցին արձաններ հանել, մի ողջ էպոխա էր փոխվել։ Ճի՛շտ է, այդպես էլ բոլշեւիկների բոլոր արձանները չհանեցին, բայց պատճառն ակնհայտ էր, ավելի ճիշտ՝ գաղտնի չէր՝ խորհրդային երկիրն այլեւս չկար։
Իսկ ի՞նչ է փոխվել Հայաստանում, որ հանում են հայկական պետականության համար պայքարի խորհրդանիշ-արձանը, իսկ հայրերն ու հերոսները լռում են։ Ի՞նչ գիտեն նրանք, եւ ինչո՞ւ չեն ասում մեզ՝ ինչ է սպասվում Հայաստանին։
Արտաշես Տեր-Հարությունյան
*Բորիս Կեւորկովը 1973-1988 թվականներին եղել է ԼՂ ինքնավար մարզի մարզկոմի առաջին քարտուղար։
Ալիք Մեդիա — Մեր ընթերցող-թղթակից Արտաշես Տեր-Հարությունյանի ծավալուն այս հարցադրումը հրապարակելու նպատակը ոչ միայն ԼՂ Մարտունի քաղաքում տեղադրված Նժդեհի արձանի ճակատագիրն է, այլեւ հայոց ինքնիշխանության ապագան ինքնին։ Ակնկալում ենք արձագանքներ եւ բանավեճ։ Տրամաբանված եւ փաստարկված բոլոր տեսակետները պատրաստ ենք հրապարակելու։