ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ մուտք գործելիս ՊՇՌ թեստի բացասական արդյունքի եւ պատվաստման կանաչ անձնագրի՝ հավասարապես գործելու որոշման նախագծին։ Այսպիսով՝ պատվաստումը հավաստող կանաչ անձնագիր ունեցողները Հայաստան գալու համար լրացուցիչ բացասական թեստի կարիք չեն ունենա։
Հանվել է նաեւ մինչեւ 1 տարեկան երեխաների՝ երկիր մուտք գործելիս ՊՇՌ թեստավորման պահանջը:
Հայաստանում արդեն պատվաստվել է 10281 քաղաքացի կամ բնակչության 0.25 տոկոսը։ Պատվաստումներն իրականացվում են անվճար ցանկացած պոլիկլինիկայում եւ մայրաքաղաքի տարբեր վայրերում տեղակայված շրջիկ կայաններում։
18-54 տարեկան թիրախային խմբերը եւ խրոնիկ հիվանդություն ունեցողները պատվաստվում են ռուսական «Sputnik V»-ով, իսկ մյուս բոլոր քաղաքացիները՝ բրիտանաշվեդական «AstraZeneka»-ով։ Մոտ օրերս արդեն հասանելի կլինի նաեւ չինական «Coronavak»-ը։ Կառավարության անդամների մի մասն արդեն պատվաստվել է Հայաստանում հասանելի 3 պատվաստանյութերով:
Չի բացառվում, որ առաջիկայում պատվաստումները խթանելու նպատակով թողարկվեն հատուկ տարբերանշաններ, որոնք կփակցվեն այն տաքսիների, սպասարկման ոլորտի օբյեկտների կամ հյուրանոցների վրա, որտեղ աշխատակիցները պատվաստված կլինեն։ Սա զբոսաշրջիկներին թույլ կտա առանց մտավախության օգտվել նրանց ծառայությունից։
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ զգոնության պահպանումը կարեւոր է նաեւ հաջորդ ալիքները կանխելու համար, քանի որ ամեն հաջորդ ալիքի հետ մեծանում են վարակի երիտասարդացումը եւ հիվանդության ծանրությունը:
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 356-ով՝ հասնելով 218681-ի: Հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1034-ով եւ հասել 203307-ի: Այս պահին կորոնավիրուսից բուժվում է 10129 մարդ։
Գրանցվել է հիվանդությունից մահվան 17 դեպք, մահացածների ընդհանուր թիվը 4209 է, եւս 1036 վարակակիր մահացել է այլ պատճառներով:
Իրականացվել է 3434 թեստավորում, ընդհանուր՝ 1, 8 միլիոն: