Կանադան ողջունել է 3 հայ գերիների ազատ արձակումը եւ Ադրբեջանին հորդորել ազատել բոլոր գերիներին:
«Կանադան ողջունում է Ադրբեջանի կողմից 3 գերիների ազատ արձակումը, ինչը համարում է առանցքային քայլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման հարցում: Կանադան շարունակում է բոլոր կալանավորվածներին ազատ արձակելու կոչ անել»,- նշված է Կանադայի կառավարության արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի դեպարտամենտի թվիթերյան էջում զետեղած հայտարարության մեջ:
Ֆրանսիան ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը:
«Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին: Մայիսի 4-ին Ադրբեջանում պահվող երեք հայ գերիների ազատ արձակումը դրական ժեստ է այդ ուղղությամբ»,- թվիթերերյան պաշտոնական էջում նշել է Ֆրանսիայի ԱԳՆ:
Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը գրառմանը կցել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 5-ի հայտարարությանը:
Մայիսի 5-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (ՌԴ) եւ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) դարձյալ կոչ են արել վերադարձնել բոլոր պահվող անձանց, կալանավորվածներին, ինչպես նաեւ օպերատիվորեն իրականացնել աճյունների փոխանակման գործընթացը:
«Համանախագահները ողջունում են Ադրբեջանի կողմից ձերբակալված հայազգի Ռոբերտ Վարդանյանի, Սամվել Շուխյանի եւ Սեյրան Թամրազյանի ազատ արձակումը եւ երկու կողմերին կոչ են անում ամբողջությամբ եւ օպերատիվ ավարտել բոլոր բանտարկյալների, կալանավորվածների եւ աճյունների փոխանակման գործընթացը եւ պահպանել կալանավորվածների նկատմամբ մարդասիրական վերաբերմունք ապահովելու իրենց պարտավորությունները»,- ասված է մայիսի 5-ի հայտարարությունում: