Մինչեւ քննարկելը, թե ինչ ասել է քաղաքական շուկա, եկեք դիտարկենք տնտեսական շուկայի օրինակը, որտեղ արտադրողները/ծառայություն մատուցողները ներկայանում են Առաջարկի կողմում, իսկ գնորդները՝ Պահանջարկի։
Ենթադրենք՝ մի գնորդ պարտադրված է ձեռք բերել անծանոթ ինչ-որ սարք, յուրացնել եւ ծառայություն մատուցել դրանով։ Եթե թերի պատկերացում ունի, ապրանքի հաջող գնումը կախված կլինի վաճառողի բարեխիղճ վարքից՝ չառաջարկել կարիքներին անհամապատասխան սարք եւ գնի մեջ չխաբել։
Տեսականորեն դիտարկենք մի իրավիճակ, երբ այդ բոլոր սարքերի գինը նույնն է, բայց ունեն տարբեր ու նմանվող տեխնիկական առանձնահատկություններ, տարբեր դիմացկունություն, լրակազմի որակ եւ այլն (Առաջարկի կողմ)։ Այստեղ անիրազեկ գնորդը հեշտությամբ կարող է ընկնել խաբեբա վաճառողի թակարդը՝ կախված ապրանքի փաթեթավորումից, ներկայացման ձեւից, մրցակիցներին սեւացնելու հակումից եւ այլն։
Զարգացած քաղաքացիական հասարակություն ունեցող երկրներում գնորդները ինքնակազմակերպվում են սպառողական (այժմ ավելի շատ՝ վիրտուալ) համայնքներում՝ լուսաբանելու նմանատիպ ապրանքները, քննարկելու, փորձ փոխանակելու եւ այլն, որպեսզի օգնեն գնորդներին ճիշտ կողմնորոշվելու ապրանքը գնելիս (Պահանջարկի կողմ)։
Այնուամենայնիվ, Պահանջարկի կողմում հաճախ հանդիպում են «կեղծ գնորդներ», որոնք գովերգում են այս կամ այն ապրանքը՝ իրականում լինելով դրա արտադրողի շահերը սպասարկող, իբրեւ թե ներկայացնում են գնորդների համայնքը։ Արտադրողի շահերն են սպասարկում նաեւ վաճառողները, որոնց գլխավոր նպատակը այդ գործարքում փող աշխատելն է։
Եկեք վերը նշված իրավիճակը մոդելավորենք քաղաքականության տիրույթում (միայն ժողովրդավարական համակարգերում), որտեղ նույնպես կան Առաջարկի եւ Պահանջարկի կողմեր։ Պահանջարկի կողմում քաղաքացիներն են, որոնք իրենց քվեով «գնում են» այս կամ այն քաղաքական ուժի՝ պետությունը կառավարելու ծառայությունը։ Այլ հարց է, թե Պահանջարկի կողմը որքանով է ինքնակազմակերպված։
Առաջարկի կողմում քաղաքական ուժերն են, որոնք իշխանության են ձգտում՝ իրագործելու իրենց ծրագրերը (այդ թվում՝ նեղ անձնական եւ ինստիտուցիոնալ)։ Ըստ այդմ՝ բոլորը պնդում են, որ հենց իրենց ծառայությունն է (առաջարկը), որ կլուծի տվյալ երկրի քաղաքացիների գլխավոր խնդիրները՝ անվտանգություն, բարեկեցություն, իրավահավասարություն, արդարադատություն, զարգացման հնարավորություններ եւ այլն։
Համարենք, որ սա վերը նշված սարքն է, ու առաջարկվող բոլոր նմանատիպ սարքերի գինը նույնն է՝ մեկ քվե։ Ինչպես բարդ սարքերը կարող են ներառել տեխնոլոգիաներ, որոնց էությունն անմատչելի է առանձին գնորդների մեծ մասին, այնպես էլ պետական կառավարումը ներառում է գործառույթներ, որոնցից առանձին ընտրողները չեն կարող գլուխ հանել. յուրաքանչյուր ոլորտ ունի իր մեթոդաբանական, սոցիալ-տնտեսական մոտեցումներն ու նրբությունները։
Հետեւապես, «պետական կառավարում» վաճառվող ապրանքի մանրամասներին մեր «գնորդները» հավաքական իմաստով գրեթե անիրազեկ են, ուստի նրանց մոլորեցնելով՝ անպետք ու անորակ «ապրանք» գնել տալը շատ հեշտ է, եթե չկա գնորդների կազմակերպված համայնք, որը կօգնի զանազանելու առաջարկվող ապրանքի պիտանիությունն ու որակը։
Ընտրող-գնորդների կազմակերպված համայնքն է, որ պիտի լինի քաղաքական շուկայի Պահանջարկի առանցքը։ Դրա մեջ առաջին հերթին մտնում են քաղաքացիական հասարակության կառույցները (ՔՀԿ), անկախ գիտահետազոտական կառույցները, անկողմնակալ լրագրողները, անկախ ու ոչ պաշտոնական մասնագիտական համայնքները, հասարակական անհատ գործիչներն ու հրապարակախոսները, որոնք ներկայացնում են հասարակության այս կամ այն խմբի հետաքրքրությունը, շահերն ու դիրքորոշումները, բայց ոչ երբեք քաղաքական ուժերի շահերը։
Թեեւ պահանջարկի կողմում ձեւավորված որեւէ խնդիր, մոտեցում կարող է համընկնել այս կամ այն քաղաքական ուժի առաջարկի հետ, Առաջարկի եւ Պահանջարկի սահմանագծերի խստագույն պահպանումը առանցքային է։ Նույն անձը չի կարող միաժամանակ հանդես գալ երկու կողմում, դա շահերի ուղղակի բախում է։
Կազմակերպված ու բանիմաց Պահանջարկի զարգացումներն ի վերջո հանգեցնում են քաղաքական շուկայում համապատասխան Առաջարկի ձեւավորման։ Մերօրյա ժողովրդավարական համակարգերում տեղ գտած բնապահպանական, մարդու իրավունքների, սպառողների իրավունքների, մասնակցային կառավարման, հաշվետվողականության եւ թափանցիկության, որոշակի դատաիրավական բարեփոխումների դրական զարգացումները Պահանջարկի կողմի նպատակասլաց ու տեւական ջանքերի արդյունք են։
Նորածին ժողովրդավարական հասարակարգերում Պահանջարկի կողմը կարող է դեռեւս ձեւավորված չլինել կամ լինել թույլ։ Կարող են լինել դեպքեր, երբ Պահանջարկի կողմի առանցքային ուժերը միանան որեւէ քաղաքական ուժի՝ գործելով արդեն Առաջարկի կողմում։ Դա կարող է հանգեցնել Պահանջարկի կողմի թուլացման ու ջլատման, մանավանդ եթե Առաջարկի կողմ անցածները փորձեն միաժամանակ հանդես գալ Պահանջարկի կողմի անունից՝ հաճախ մանիպուլացնելով իրենց կապերը եւ ռեսուրսները։
Սա այն է, ինչ տեղի ունեցավ Հայաստանում 2018-ի գարնանից ի վեր, երբ մի շարք ՔՀԿ-ներ, հանրային շարժումներ եւ ակտիվ հասարակական գործիչներ դադարեցին այդպիսին լինելուց՝ համալրելով քաղաքական իշխանության կամ ընդդիմության շարքերը։ Արդյունքում գրեթե վերացավ Պահանջարկի կողմի իրական ռեսուրսը, քանի որ հանրության ընդհանուր քաղաքացիական եւ քաղաքագիտական գրագիտությունը, ինչպես նաեւ քննադատական մտածողությունը խիստ ցածր են, որի պարագայում որոշակի ժամանակ կպահանջվի լրացնելու Պահանջարկի կողմում առաջացած բացը։
Որպես կանոն, երբ հանրությունն ունի ցածր քաղաքացիական գրագիտություն, իսկ Պահանջարկի կողմը թույլ է կամ ամայացած, ապա այդ բացը արագ լրացնում են Առաջարկի կողմի ուժերը։ Տիրապետելով բազում տնտեսական, սոցիալ-քաղաքական ու ադմինիստրատիվ ռեսուրսների՝ նրանք իրենց «կեղծ-գնորդների» միջոցով ձեւավորում են ինչ-որ մի «ապրանքի» քաղաքական կեղծ Պահանջարկ։
Ընտրող-գնորդները, պատվիրելով այդ ապրանքը տվյալ առաջարկողին, գնելուց հետո պարզում են, որ իրականում իրենք ստացել են ոչ թե պատվիրած, այլ ուրիշ ապրանքատեսակ կամ թերի քանակ կամ անընդունելի որակ ու իրենց գնումով մնում են շվարած։
Պատճառները կարող են տարբեր լինել. առաջարկողները եղել են խաբեբա ու կաշառակեր, կամ երբեմն նաեւ նվիրված, բայց ինքնահավան դիլետանտ ու խոստացած ապրանքն արտադրելու անընդունակ։ Յուրաքանչյուր ձախողումից հետո խաբեբաները գնորդներին կսկսեն համոզել, որ «դիլետանտներին չի կարելի լուրջ գործեր վստահել, մեզ վստահեք», իսկ դիլետանտները կպնդեն, որ «բանիմաց սրիկաներն ավելի վատն են, որ ձգտելու են խաբելով հարստանալու, այլ ոչ թե խոստացած ապրանքը մատուցելու»։
Նման իրավիճակում հիմնահոս ԶԼՄ-ների մեծ մասը հանդես է գալիս Առաջարկվող ապրանքների շուկայագետի եւ վաճառողի դերում, որպես նրանց շահերի սպասարկու, եւ օգնում է ձեւավորելու «մրցակից ապրանքի» կեղծ Պահանջարկը։ Փաստացի, այս առաջարկները հիմնականում լինում են դեկլարատիվ, ընդհանրական, ոչ կոնկրետ, ոչ չափելի։ Իսկ «ինչպես»-ի մասին հիմնականում խուսափում են տալ լրացուցիչ մանրամասներ, քանի որ իրենց հետաքրքրում է անիրազեկ, շատ բան չհասկացող գնորդը՝ քաղաքացին։
Չի բացառվում, որ լինեն նաեւ բարեխիղճ առաջարկողներ, բայց անիրազեկ գնորդները, որպես կանոն, ավելի շատ հայտնվում են խաբեբաների ծուղակում։
Հայաստանում քաղաքական շուկայի Առաջարկի կողմում գերիշխում է ձեռնածությունը (մանիպուլյացիան), իսկ Պահանջարկի կողմը գրեթե ամայացած է։ Այս պայմաններում, թերեւս, անհնար է կանխատեսել, թե խաբվելու պատրաստ մեր «գնորդ-ընտրողներին» որքանով բախտ կվիճակվի գնումը կատարել բարեխիղճ առաջարկողից ու չմնալ իր ընտրությամբ շվարած մոտ ապագայում։
Արմեն Բեժանյան