Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հարցերով նախկին խորհրդական, դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանը հեռավար հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին։
«Ազատության» թղթակից Հեղինե Բունիաթյանի եւ փորձառու դիվանագետի զրույցի հիմնական թեմաներն այսօրվա Հայաստանի ներքին եւ արտաքին մարտահրավերներն են։
Լիպարիտյանն առաջարկում է վտանգները կամ հակահայկական տրամադրություններն ու նպատակներն անտեսելու փոխարեն «սթափ ու սառը հաշվարկել՝ ինչն է հնարավոր, ինչը՝ երազանք, եւ ինչպես անենք, որ ցանկալիի հետեւից գնալով՝ կրկին չկորցնենք այն, ինչ ունենք»։
«Շատ կարևոր վտանգ կա. մենք նոյեմբերի 9-ի հայտարարությունը լուրջ չենք ընդունում կամ ստեղծում ենք հավելյալ խնդիրներ։ Կա միջանցքների հարցը, որից չենք կարող հրաժարվել, քանի որ ստորագրել ենք։ Ուրեմն պիտի այնպես անենք, որ մեր ինքնիշխանությունը նվազագույն չափով պակասի, ոչ թե առավելագույն»,- ասում է Լիպարիտյանը՝ զգուշացնելով, որ «Դա կարող է շատ ավելի քաջալերել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից թշնամական վերաբերմունքը։ Արդյունքում մենք կարող ենք կորցնել ապագայի բոլոր հնարավորությունները»։