Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը բուռն բողոքի ալիք է բարձրացրել Թուրքիայում:
Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթը գրում է, որ պաշտոնական Անկարայի հակազդեցությունն արտահայտվել է արտաքին գործերի նախարարության հրապարակած հայտարարությամբ:
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Լատվիայի խորհրդարանի որոշումն անվավեր նախաձեռնություն է, ունի քաղաքական հիմնավորումներով պատմությունը վերախմբագրելու բնույթ։ «Թուրքիան այս տխրահռչակ եւ օրինականության հետ կապ չունեցող որոշումը մերժում է եւ խստիվ պախարակում»,- Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունից մեջբերում է օրաթերթը` նշելով, որ նախարարության պնդմամբ՝ խորհրդարանները պատմություն խմբագրելու եւ դատելու միջավայրեր չեն։
Անկարան շարունակել է իր ժխտողական քաղաքականությունը՝ նշելով, որ միջազգային իրավունքում ցեղասպանության բնորոշման համար սահմանված անհրաժեշտ պայմաններից որեւէ մեկը 1915 թվականի դեպքերի պարագայում գոյություն չունի, այդ պատճառով, ըստ Թուրքիայի, Լատվիայի նախաձեռնությունը հակասում է 1948 թվականին ընդունված ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին կոնվենցիային եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2013 եւ 2015 թվականների վճիռներին, որոնք, ըստ թուրքական կողմի, բացահայտ կերպով արտահայտում են 1915 թվականի դեպքերի վիճելի բնույթը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կարծիքով Լատվիայի խորհրդարանն այս որոշմամբ ծառայել է այն շրջանակներին, որոնք պատմությունից ջանում են թշնամանք դուրս բերել:
Թուրքիան նաեւ պահանջել է չեղյալ համարել այս որոշումը եւ կոչ է ուղղել, որ Լատվիան խրախուսի այն ջանքերը, որոնք նպատակ ունեն տարածաշրջանում համակեցություն հաստատելու՝ գլխավորապես հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ։