ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նոր բացահայտումը.
«Այսքանը, որ ասել եմ, մի բան էլ ավելացնեմ
Ռոբերտ Քոչարյանի կողմից իմ առաջարկի կտրուկ մերժումից հետո, ս.թ. մայիսի 1-ին հանդիպել եմ Սերժ Սարգսյանի հետ՝ նրան առաջարկելով՝ ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով եւ հանդես գալ իմ կողմից շարադրված հայտարարությամբ: Անշուշտ այդ ձեւաչափը նույն արդյունավետությունը չէր ունենա, ինչ չիրականացած եռակողմ դաշինքը: Չիրականացավ նաեւ իմ երկրորդ առաջարկը, քանի որ այն մերժվեց Սարգսյանի կողմից: Այդուհանդերձ, նպատահարմար եմ համարում հանրությանը ներկայացնել նաեւ այդ հայտարարության տեքստը:
ՀՀ նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի հայտարարությունը
Նկատի ունենալով՝
- պատերազմից հետո մեր ժողովրդի հոգեկան հավասարակշռության վերականգնման հրատապ անհրաժեշտությունը,
- ներքաղաքական գերլարված իրավիճակի շուտափույթ լիցքաթափման, ատելության խոսքի հետագա խորացումից եւ բախումներից խուսափելու հրամայականը,
- իր եռամյա գործունեության ընթացքում պետական կառավարման բոլոր բնագավառներում լիովին ձախողված իշխանության՝ ամեն գնով վերարտադրվելու հիվանդագին ձգտումն ու դրա ակնհայտ կործանարար հետեւանքները,
- ՀՀ երկրորդ նախագահի՝ ոչ այնքան երկրի շահերով, որքան զուտ ռեւանշիստական մղումներով ձեւավորած դաշինքի նպատակադրությունը,
- ինչպես նաեւ, Հայաստանում պահի պահանջները բավարարող նոր իշխանության ձեւավորման եւ հանրային համերաշխության համազգային սպասումը,
Հայտարարում ենք՝ որ անկախ նախկինում մեր ունեցած սկզբունքային տարաձայնություններից եւ սուր հակասություններից, գիտակցելով մեր պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ, անձնապես չհավակնելով իշխանության նոր ձեւավորվելիք համակարգում որեւէ պաշտոն զբաղեցնելու, առաջիկա ընտրություններին մենք մասնակցելու ենք մեզ սատարող քաղաքական ուժերից, հասարակական կազմակերպություններից եւ հեղինակավոր մտավորականներից կազմված «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով: Համոզված ենք, որ այս նախաձեռնությունը դրական արձագանքի կարժանանա ողջ հայության եւ միջազգային հանրության կողմից։
Ընտրական գործընթացի սկզբնավորման պաշտոնական հայտարարումից եւ դաշինքի ցուցակի հրապարակումից հետո հանդես կգանք մամլո ասուլիսով։
Երկրի քաղաքական կյանքում անձամբ մեր երկուսի ապագա դերակատարությունը պատկերացնում ենք բացառապես միջազգային հարաբերությունների եւ անվտանգության ոլորտներում վարչապետի կողմից հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների կարգավիճակում։
Լեւոն Տեր-Պետրոսյան
Սերժ Սարգսյան
Երեւան,
1 մայիսի 2021թ.
Թե՛ եռակողմ, թե՛ երկկողմ հայտարարությունների գաղտնազերծմամբ ես հետապնդում էի ընդամենը մեկ նպատակ. այն է՝ հասարակական ճնշում բանեցնել երկրորդ եւ երրորդ նախագահների վրա, իմ պատկերացրած դաշինքի իրականանալիությունը դեռեւս բացառված չհամարելով: Դատելով իմ նախորդ հրապարակման արձագանքներից, ես համարում եմ, որ մասամբ հասել եմ իմ նպատակին: Բազմաթիվ քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ, լրագրողներ, մտավորականներ, որոնք երբեք իմ համակիրը չեն եղել, ողջունել են այս նախաձեռնությունը: Վստահ եմ, որ նույնպիսի արձագանքի կարժանանա նաեւ այս հրապարակումը:
Անկարեւոր չեմ համարում ուշադրություն հրավիրել նաեւ մի ուրախալի երեւույթի վրա: Առաջին անգամ մեր երկրում մենք ականատես ենք դառնում իրական քաղաքական բանավեճի, ինչին ինձ չհաջողվեց հասնել 1997 թվականին հրապարակած «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածի պարագայում:
Ինչ ուզում է ասեն, փաշինյանական հանցավոր եւ ազգակործան վարչախմբի վերարտադրման վտանգի կանխման եւ նորանոր աղետներից խուսափելու միակ միջոցն այս պահին էլ հանրապետության երեք նախկին նախագահների դաշինքը կլիներ: Այլապես մեզ սպառնում են վարչական, ֆինանսական, քրեական ռեսուրսների համատարած օգտագործմամբ ուղեկցվող կատաղի ընտրություններ, որոնց արդյունքը Հայաստանի եւ Արցախի համար կարող է ավելի աղետաբեր լինել, քան վերջին պատերազմում կրած նվաստացուցիչ պարտությունը:
Վերջում, ուզում եմ արձագանքել իմ հասցեին հնչող մի բարոյական կշտամբանքի, թե ես, գաղտնազերծելով նման փաստաթղթեր, խախտել եմ խորհրդապահության պայմանը: Հայտնում եմ, որ նախ՝ չհրապարակելու պայմանավորվածություն չի եղել, եւ երկրորդ՝ որպես սկզբունք, ես երբեք ժողովրդի թիկունքում գաղտնի գործարքների չեմ գնացել:
Պարտք եմ համարում նաեւ տեղեկացնել, որ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը ոգեւորված են եղել եռակողմ դաշինքի գաղափարով եւ մեծ ջանքեր են գործադրել դրա իրականացման ուղղությամբ»: