Եվրամիության 27 երկրների ղեկավարներն այսօր տարվա ընթացքում առաջին անգամ հանդիպել են դեմ առ դեմ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի, տնտեսությունների ու սոցիալական կյանքի վրա համավարակի բացասական ազդեցությունը նվազեցնելու ուղիների քննարկման համար:
ԵՄ ղեկավարները կքննարկեն նաեւ պատվաստանյութերի գրանցման հեղինակային իրավունքի ժամանակավոր չեղարկման հարցը, պատվաստանյութերի արտադրության տեխնոլոգիաները փոխանակելու՝ ԱՄՆ առաջարկը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի այս նախաձեռնությունը պաշտպանել են ավելի քան 100 երկիր եւ միջազգային կազմակերպություն։ Արտադրող ընկերությունները, սակայն, դեմ են հեղինակային իրավունքի ժամանակավոր չեղարկմանը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկով պատվաստանյութերի գրանցման հեղինակային իրավունքի կիրառումը միառժամանակ կսառեցվի՝ աշխարհում հնարավորինս արագ եւ մեծ քանակությամբ պատվաստանյութեր արտադրելու համար:
Բայդենը հավանություն է տվել ԱՀԿ-ի՝ միջազգային հանրությանն ուղղված «հեղինակային իրավունքից ավելի բարձր պետք է դասել մարդու կյանքի իրավունքը» հորդորին:
Մեկ ընկերության ստեղծած դեղամիջոցի գրանցումը որեւէ այլ երկրում կարող է ամիսներ, անգամ տարիներ տեւել, մինչդեռ այսօր աշխարհում ծանր վիճակ է, օրհասական՝ հատկապես տնտեսապես չզարգացած երկրների համար:
ԱՄՆ առեւտրային հարցերով պատասխանատու Քեթրին Թայը հատուկ հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Վաշինգտոնն ամեն ինչով կաջակցի մեծ թվով երկրներում պատվաստանյութի արտադրություն սկսելու գործին:
ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ ԱՄՆ որոշումը «հիրավի դարակազմիկ նշանակություն կունենա կորոնավիրուսի դեմ պայքարում»:
Դեղամիջոցների արտադրության միջազգային դաշնությունը եւ մի շարք միջազգային կազմակերպություններ քննադատել են հեղինակային իրավունքի կիրառումը ժամանակավոր սառեցնելու մտադրությունը: Նրանք հայտարարել են, թե դա չի նպաստի պատվաստանյութի արտադրության ավելացմանը, քանի որ պատվաստանյութ արտադրելը արդիական սարքավորումներ եւ այլ պայմաններ պահանջող բարդ տեխնոլոգիական գործընթաց է:
Աշխարհում կորոնավիրուսի դեմ արդեն պատվաստվել է ավելի քան 1 միլիարդ 210 միլիոն մարդ: Հայաստանում այսօր պատվաստվողների թիվը հատեց 10000-ի սահմանը: