Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Յարոսլավլի մարզի Կուրբա գյուղի հայկական գերեզմանատան տապանաքարերի պղծման մասին:
«Ստացված տվյալների համաձայն՝ Յարոսլավլի մարզի համանուն շրջանի Կուրբա գյուղում անհայտ անձինք բարբարոսաբար պղծել են հայկական գերեզմանատան տարածքում գտնվող գերեզմանաքարերը: Այսպիսով՝ սրբապղծության հետեւանքով վնասվել է մոտ 50 գերեզմանաքար»,- նշված է հայտարարությունում:
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարել է, որ այդ ակնհայտ սադրիչ գործողությունը «ոտնձգություն է հոգեւոր արժեքների նկատմամբ եւ կարող է հանգեցնել տարբեր հետեւանքների՝ բացասաբար ազդելով միջէթնիկական ներդաշնակությունը պահպանելու ջանքերի վրա»:
Դեսպանությունը հույս է հայտնել, որ Յարոսլավլի մարզի իրավապահ մարմինները կարճ ժամանակում կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հանցագործներին հնարավորինս շուտ պատասխանատվության ենթարկելու համար։
«Նման գործողությունները պետք է դատապարտվեն համապատասխան ձեւով` կրկնվելուց խուսափելու համար»,- ընդգծել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը: