Ազգային ժողովը արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ 81 կողմ ձայնով ընդունեց «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների փաթեթը:
Ըստ նոր փոփոխությունների՝ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական գրավի չափը դարձավ 7,5 մլն դրամ՝ նախկին 10 միլիոնի փոխարեն, դաշինքի դեպքում գրավի չափը դարձավ 15 մլն դրամ:
Կուսակցությունների դեպքում անցողիկ շեմն այժմ 4 % է՝ 5 %-ի փոխարեն, դաշինքի դեպքում, եթե այն կազմված է երկու կուսակցությունից, կլինի 8 տոկոս՝ 7-ի փոխարեն: Երեք կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում անցողիկ շեմը կլինի 9 %, իսկ 4 եւ ավելի կուսակցությունից կազմված դաշինքի դեպքում՝ 10 %:
Փոխվել է նաեւ քաղաքական կոալիցիաներ ձեւավորելու կարգը: Առաջնահերթ կոալիցիա ձեւավորելու հնարավորություն է տրվում այն կուսակցությանը կամ դաշինքին, որն ընտրությունների արդյունքով ձայների մեծամասնություն է ստացել:
Վերջինս 14 օրվա ընթացքում կարող է կոալիցիա կազմել մանդատների բաշխմանը մասնակցած մյուս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է մանդատների ընդհանուր թվի 52 տոկոսը ստանալու համար, եւ նրանք համաձայնություն ունեն վարչապետի թեկնածուի վերաբերյալ։
Պատգամավորների նվազագույն թիվը նոր խորհրդարանում 105 կլինի (101+4, այսինքն՝ ազգային փոքրամասնությունների չորս ներկայացուցիչ)։ Նման նվազագույն թիվ է հավաքվում, եթե որեւէ կուսակցություն կամ դաշինք 50-66 տոկոս ձայնով հաղթում է ընտրություններում։
Եթե հաղթած կուսակցության ձայները 66 տոկոսից ավելի են, ընդդիմությանը տրվում են լրացուցիչ մանդատներ, որպեսզի ընդդիմադիր պատգամավորները կազմեն խորհրդարանի առնվազն մեկ երրորդը։
Եթե հաղթած կուսակցությունը հավաքում է ավելի քան 50 %, բայց 54 %-ից պակաս, նրանց տալիս են լրացուցիչ մանդատներ, որպեսզի կարողանան հավաքել մինչեւ 54 % ձայն՝ նույնիսկ բացակա կամ գործուղված պատգամավորների դեպքում խորհրդարանում կայուն մեծամասնություն ապահովելու համար։
Փոփոխությունները չեն կիրառվելու սպասվող արտահերթ ընտրությունների ժամանակ: