ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ չինական Sinopharm պատվաստանյութը ներառվել է ԱՀԿ-ի արտակարգ կիրառման համար օգտագործվող պատվաստանյութերի ցանկում: Նա հավելել է, որ Sinopharm-ը ԱՀԿ-ի՝ անվտանգության եւ արդյունավետության վկայագիր ստացած արդեն վեցերորդ պատվաստանյութն է:
ԱՀԿ-ի ղեկավարը մանրամասնել է, որ այդ քայլով կազմակերպությունը ընդարձակել է կորոնավիրուսն անվարակելի դարձնող պատվաստանյութերի ցանկը, որոնք ձեռք են բերվելու միջազգային COVAX համակարգի միջոցով: Դրանից բացի՝ այսուհետեւ կարագացվի Sinopharm պատվաստանյութին հավանություն տալու կոչված պետական կարգավորող մարմինների ընթացակարգը, որը թույլ կտա նրանց գնել Sinopharm-ն ու կիրառել:
Մյուս հինգը հայտնի են
ԱՀԿ-ի՝ անվտանգության եւ արդյունավետության վկայագիր ստացած մյուս հինգ պատվաստանյութերն են ամերիկյան Pfizer եւ գերմանական BioNTech ընկերություների համատեղ մշակած Comirnaty-ն, ամերիկյան Johnson & Johnson-ի մաս կազմող Janssen-ի արտադրանքը, ամերիկյան Moderna-ն եւ բրրիտանա-շվեդական AstraZeneca-ի եւ Օքսֆորդի համալսարանի համատեղ մշակած երկու պատվաստանյութերը:
ԱՀԿ-ի գնահատման փուլում է նաեւ ռուսական Sputnik V-ն, որի անվտանգության վերաբերյալ գնահատականը կազմակերպությունը կտա ամռանը:
«Մեր թիմը վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն Ռուսաստանում է եւ գնահատում է կլինիկական փորձարկումները: Եվ մայիսի 10-ից մինչեւ հունիսի առաջին շաբաթը մենք կսկսենք ստուգել արտադրությունը»,- ասել է ԱՀԿ-ի փորձագետ Մարիանգելա Սիմաոն՝ հավելելով, որ վերջնական եզրակացությունը կտան հունիսի վերջին կամ հուլիսին:
Պատվաստանյութերը ԵՄ-ում
Եվրամիությունում էլ սկսել են կորոնավիրուսի դեմ չինական Sinovac Life Sciences-ի մշակած Vero Cell պատվաստանյութի ուսումնասիրությունն ու գնահատումը:
Պատվաստանյութի համապատասխանությունը ԵՄ-ի չափորոշիչներին գնահատվում է ըստ դրա արդյունավետության, անվտանգության եւ որակի:
Ներկայում ԵՄ գնահատմանն է ներկայացված եւս երեք պատվաստանյութ՝ Sputnik V-ն, CureVac-ի CVnCoV-ն եւ Novavax-ի NVX-CoV2373-ը:
Այժմ ԵՄ-ում թույլատրված է արտակարգ կիրառմամբ չորս պատվաստանյութ՝ Pfizer/BioNTech-ը, Moderna-ն, AstraZeneca-ն եւ Johnson&Johnson-ը:
Բացի դրանից՝ Եվրահանձնաժողովն ամբողջ ԵՄ-ի համար մատակարարման պարտավորագրեր է կնքել ֆրանս-բրիտանական Sanofi-GSK-ի եւ գերմանական CureVac-ի հետ: