Մայիսի 5-ին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը գաղտնազերծեց մարտի 25-ի նախաձեռնած՝ Հայաստանի երեք եւ Արցախի երկու նախկին նախագահների հանդիպումը, հրապարակայնացրեց իր հեղինակած հայտարարությունը, որ նույն օրն էլ մերժվել է Ռոբերտ Քոչարյանի կողմից:
Ինչո՞ւ էր նա նախաձեռնել նման հանդիպում, ի՞նչ մոտիվացիայով է երկրորդ նախագահը մերժել մարդկային ռեսուրսների մեկտեղումով գործող իշխանության վերարտադրության կանխումը՝ թողնենք հետընտրական դիսկուրսին: Այս պահին, թվում է, էական է, որ լրատվամիջոցներից մեկն այսպիսի արձանագրում է արել՝ «Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջնականապես հրաժարվեց իր հոգեզավակից»՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին:
2018 թվականի իշխանափոխությունից անմիջապես հետո որոշ շրջանակներից տեղեկատվաքարոզչական ուղղորդված քաղաքականություն էր իրականացվում, որպեսզի կատարվածը կապվի առաջին նախագահի հետ: Կաղապարը հետեւյալն էր. այն, ինչ «հաջողվել է կանխել 1998-ին, Տեր-Պետրոսյանը փորձում է իրականացնել իր հոգեզավակ Նիկոլ Փաշինյանի միջոցով»: Այս հանգերգն առանձնակի ուժգնությամբ եւ համառ հետեւողականությամբ հնչում էր հատկապես Արցախում:
Փակ եւ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացից գրեթե լիովին անիրազեկ հանրության գերակշիռ մեծամասնությունը շատ արագ ենթարկվեց քարոզչական այս ներարկմանը: Ըստ էության, 44-օրյա պատերազմից հետո էլ արցախցիների ընկալումներում էական փոփոխություն չի կատարվել: Հանրության մեծ մասը կատարվածը շարունակում է որակել «դավաճանություն» կամ «հողատվություն»: Ընդ որում, թիրախավորվում են թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Արայիկ Հարությունյանը:
Ֆորմալ առումով, ինչ խոսք, իշխանություններն առաջին պատասխանատուն են, բայց ինչո՞ւ է պարտությունը կապվում նաեւ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի հետ՝ լուրջ մտորումների տեղիք է տալիս, եթե արձանագրենք, որ Արցախում ոչ ոք Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին 44-օրյա պատերազմի հետեւանքների գոնե անուղղակի պատասխանատու չի դիտում:
Եթե սկզբունքը մեկն է՝ հաշիվ պետք է պահանջել Նիկոլ Փաշինյանից եւ Արայիկ Հարությունյանից, ապա քննադատությունից դուրս պիտի մնա նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Մանավանդ որ նա իշխանությունից հեռացել է 1998 թվականին, երբ ֆորս-մաժորի հավանականությունը նույն հասարակության կողմից մերժվում էր կամ ընկալվում «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» տեսլականով:
Գործ ունենք հանրային կանխատրամադրվածությա՞ն, թե՞ գրագետ մշակված քարոզչատեղեկատվական մանիպուլյացիայի հետ: Որեւէ փաստ չկա, որ առաջին նախագահը թեկուզ անուղղակի մասնակցել է «թավշյա հեղափոխությանը»: Բոլորը գիտեն, որ ՀԱԿ-ը ֆինանսական, քարոզչական լուրջ ռեսուրսներ չունի, հետեւաբար չէր կարող Փաշինյանին աջակցել «ընդհատակից»: ՀԱԿ-ի ոչ մի առանցքային դեմք Փաշինյանի երթերին, ցույցերին եւ հանրահավաքներին ներկա չի եղել, նրա հետ հրապարակային չի ողջագուրվել, նրա «հեղափոխական» կառավարության մաս չի կազմել: ՀԱԿ-ը նույնիսկ 2018-ի ԱԺ ընտրություններին չի մասնակցել:
Սրանք փաստեր են, որ քաղաքական տրամաբանությամբ գալիս են հերքելու «Նիկոլը Լեւոնի հոգեզավակն է» քարոզչակաղապարի անգամ հավանականությունը: Եվ, այդուհանդերձ, մամուլը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին շարունակում է հակառակը պնդել: Որովհետեւ երբ ասում է, որ Տեր-Պետրոսյանը վերջնականապես հրաժարվեց իր հոգեզավակից, հասկացվում է, որ մինչ այդ Փաշինյանն, այնուամենայնիվ, նրա հոգեզավակն էր. ոչ թե «ոչմիթիզհողականության» կամ պատերազմի մարտահրավերը խրոխտ ընդունող՝ ավելի քան երկու տասնամյակ կուլտիվացված քաղաքականության, այլ ԼՂ խնդիրը խաղաղ-բանակցային ճանապարհով, փոխզիջումների սկզբունքով կարգավորելու ջատագով եւ բոլոր հնարավորությունները դրան ի սպաս դրած առաջին նախագահի, որից նա վերջնականապես հրաժարվեց:
Սա միայն առաջին հայացքից է թվում հակափաշինյանական կամ պրոտերպետրոսյանական: Խորքային դիտարկմամբ սլաքը դարձյալ առաջին նախագահի դեմ է ուղղված: Ենթատեքստն այն է, որ «ճաշից հետո էլ ի՞նչ մանանեխ, Տեր-Պետրոսյանը ժամանակին պիտի այդ քայլն աներ»: Իսկ թե ինչու են կոշտ հակափաշինյանական ուժերը երկու տարի լռել, այդ մասին՝ ոչ մի խոսք:
Որովհետեւ 2018-2020 թվականներին ոմանք իրենց «հականիկոլական» դիրքավորումն ապահովագրել են գործող իշխանության համար ոչ միայն լիովին անվտանգ, այլեւ նրա արկածախնդրությունը գրեթե բաց տեքստով անոնսավորող աղմկարարությամբ: Միայն խոսել են: Միայն դատարանների մոտ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի սակավամարդ ցույցեր են կազմակերպել:
Մինչդեռ կարող էին առնվազն 2019-ի օգոստոսից հետո, երբ պարզից էլ պարզ էր, որ Նիկոլ Փաշինյանը երկիրը տանում է պատերազմի, կազմավորել նույն ՀՓՇ շարժումը, ահազանգել, հանրությանն իրազեկել: Ինչո՞ւ են լռել. ահա հարցը:
Առանձին վերլուծության թեմա են Արցախի անցյալ տարվա նախագահական ընտրությունները: Այս եւ բազմաթիվ ուրիշ հարցեր, ամենայն հավանականությամբ, խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում հնչեցվելու են: Մի բան, սակայն, գոնե դիտողունակ մարդկանց արդեն այսօր հասկանալի պետք է լինի. Փաշինյանի հետ իշխանություն կիսելու եւ փաշինյանականությունը որպես համակարգային աղետ միասնաբար մերժելու միջեւ տարբերությունն է դա: Եվ որ Փաշինյանը ոչմիթիզհողականության հոգեզավակն է:
Ի վերջո նա 44-օրյա պատերազմի թեման փորձում է փակել աղետի համար պատասխանատուների հետ «դիմակայությամբ»: Դա ավելի շատ նման է պատասխանատվությունից միասին խուսափելու պայմանավորվածության: Նման դեպքերում է ղարաբաղցին ասում. «Ես էլ սուս, դու էլ»:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։