Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ Գերմանիայի համատեղ ջանքերով Բեռլինում կստեղծվի համավարակների վերլուծության եւ կանխարգելման համաշխարհային կենտրոն:
Գերմանիայի պաշտոնյաների եւ ԱՀԿ ղեկավարների ու մասնագետների առցանց խորհրդաժողովում Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը նշել է, որ աշխարհը պատրաստ չէր կորոնավիրուսի համավարակին: Նման իրավիճակներում մոլորակին անհրաժեշտ է վաղ նախազգուշացման եւ արտակարգ արձագանքի առավել հզոր համակարգ:
«Այսօր ես եւ ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը պատիվ ունենք ծանուցելու, որ Գերմանիայի կառավարության աջակցությամբ Բեռլինում կբացվի Առողջապահության համաշխարհային կազմակերպության Համավարակների եւ համաճարակների հետազոտական կենտրոնը»,- ասել է Գերմանիայի առողջապահության նախարարը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խորհրդաժողովում ընդգծել է՝ աշխարհը հասկացավ, որ Քովիդ-19 համավարակի նման գլոբալ մարտահրավերները կարելի է հաղթահարել միայն համատեղ ջանքերով:
«Բոլորն ընդունեցին, որ այս բնագավառում կենտրոնական դերը պետք է վերապահվի Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը: Հավաքած տեղեկությունների ճիշտ մշակումը եւ վերլուծումը կերաշխավորի արդյունք, որը երբեւէ հնարավոր չէ ստանալ միայնակ գործելով, առնվազն հնարավոր չէ այդքան արագ ստանալ: Բեռլինում այս կենտրոնը կօգտագործի տեխնիկական բոլոր կարողությունները եւ արդյունքներով կկիսվի ամբողջ աշխարհի հետ»,- ասել է Մերկելը:
Նոր կենտրոնը համագործակցելու է Գերմանիայի եւ այլ երկրների առաջատար հիվանդանոցների, պետական, գիտական եւ մասնավոր հիմնարկների հետ:
Կենտրոնի հիմնական առաքելությունը կլինի՝ հավաքել տեղեկություններ ամբողջ աշխարհից, վերլուծել ու հնարավորինս արագ կանխատեսել այս կամ այն շրջանում համավարակի բռնկման հավանականությունը եւ ժամ առաջ կասեցնել դրա տարածումը:
Նախարար Շպանի համոզմամբ Բեռլինն իր զարգացած ենթակառուցվածքներով այդպիսի կենտրոնի տեղակայման առումով շատ հարմար քաղաք է:
ԱՀԿ-ն ընդգծել է, որ աշխարհը պետք է ավելի մեծ ռեսուրսներ տրամադրի ապագայում տարատեսակ համավարակներ կանխելու համար:
Ինչ վերաբերում է Գերմանիային, Դաշնության կորոնավիրուսային վիճակագրությունը վարող Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալներով՝ երեկ հաստատվել է կորոնավիրուսի 15 685 դեպք, մահացել 238 մարդ: Ընդհանուր առմամբ Գերմանիայում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ավելի քան 3,5 միլիոն դեպք, կորոնավիրուսն այստեղ խլել է 84648 մարդու կյանք: Առողջացել է Գերմանիայի ավելի քան 3 միլիոն քաղաքացի: