Լիբանան կատարած երկօրյա այցի ընթացքում (մայիսի 6-7) Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանն այցելել է նաեւ լիբանանահայ օգնության խաչի «Արաքսի Բուլղուրջյան» բժշկական կենտրոն, տեղեկանում ենք Լիբանանում Ֆրանսիայի դեսպանության Թվիթերի էջից:
Պատվիրակության մեջ են եղել Լիբանանում Ֆրանսիայի դեսպանն ու ֆրանսիական «Պրեոմիեր Ուրժանս» առողջապահական կազմակերպության ներկայացուցիչները:
Այցելության առիթը Բուրջ Համուդ թաղամասում տեղակայված «Արաքսի Բուլղուրջյան» կենտրոնի գործունեությանը ծանոթանալն էր. այս կենտրոնի միջոցով է նաեւ ֆրանսիական «Պրեոմիեր Ուրժանս» կազմակերպությունը 2020-ի օգոստոսի 4-ի աղետից հետո առողջապահական ծրագրեր իրականացնում Լիբանանում:
Այցի ընթացքում կազմակերպության ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենց գործունեությունը Լիբանանում ընդլայնելու համար հայկական բժշկական կենտրոնն է ընտրվել՝ բարի համբավի եւ բարձր սպասարկության համար:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը բարձր է գնահատել կենտրոնի աշխատանքն ու գրառում արել հուշամատյանում:
«Արաքսի Բուլղուրջյան» կենտրոնը հիմնվել է 1987-ին լիբանանահայ Սարգիս, Հարություն եւ Մելքոն Բուլղուրջյանների նախաձեռնությամբ՝ ի հիշատակ իրենց մոր:
Բուլղուրջյանները նպատակ են ունեցել կենտրոնի հիմնադրմամբ հասանելի բժշկական եւ սոցիալական օգնություն տրամադրելու Լիբանանի սոցիալապես անապահով հայերին, այսօր ժամանակակից կենտրոնից օգտվում են ոչ միայն հայեր: