Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Թուրքիայի եւ Բելառուսի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք խնդիրներ:
Նրանք պայմանավորվել են նաեւ երկկողմ ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը 1,5 միլիարդ դոլարի հասցնելու մասին։
Բելառուսի պետական «Բելտա» լրատվական գործակալությունն էլ հայտնել է, որ նախագահները քննարկել են նաեւ հեռահաղորդակցության ոլորտին վերաբերող խնդիրները, մասնավորապես Բելառուսի կառավարության եւ թուրքական Turkcell հոլդինգի միջեւ համագործակցության հնարավորությունը։
Քաղաքական գիտությունների դոկտոր Ռեսուլ Յալչինը կանխատեսել է, որ Անկարան ու Մինսկը համագործակցության լայն հնարավորություններ ունեն հատկապես ռազմական ոլորտում:
Բելառուսը 2019-ի սկզբին իր ՆԳՆ-ի աշխատակիցների համար մեծ քանակության հրազեն էր ձեռք բերել Թուրքիայից:
Սակայն դրանցից ամենաէականը, թերեւս, 2019-ի աշնանը թուրքական «Ռոքեթսան» ընկերության «Խան» (չինական М20 «Խան» տակտիկական հրթիռային համալիրի թուրքական տարբերակն է) հրթիռային համակարգի համար բարձր շարժունակության անվային շասսիների պատվերն էր, որը կարելի է համարել թուրք-բելառուսական ռազմական համագործակցության մեկնարկը:
Թուրքական ռազմական արդյունաբերության համար մեծ հետաքրքրություն էր առաջացրել բելառուսական «Պոլոնեզ» հրթիռային համակարգը: