Ռոբերտ Վիրաբյանն ու Արեգնազ Ավետյանը տնամերձ հողամասի կեռասենու առաջին պտուղներն են քաղում: Այգու միրգը թեեւ փոքր, բայց շահույթ կարող է ապահովել: Ամուսինները մեծ հույսեր են կապում նաեւ գյուղացիներից մեկի անվճար տրամադրած երկու հեկտար հողատարածքի հետ: Մեկ տարով են մշակելու, տարեվերջին կվճարեն նաեւ հողահարկը: Երեխաները ներգրավված են տան բոլոր գործերում:
«Այստեղ որոշեցինք ամբողջ դաշտը ձմերուկ ցանել, որ գոնե հետագայում ծախենք, մյուս կողմը՝ բադրիջան, լոլիկ, վարունգ, պղպեղ: Ներքեւը կարտոֆիլ ենք ցանել: Մեղու ունենք, մեղուն էլ ամուսնուս ընկերն է տվել: Արարատյան դաշտավայրում խուսափում են մեղու պահելուց, քանի որ ծառերը դեղում են, բայց ամուսինս երեք հատ առավ, հիմա նորմալ աշխատում են», պատմում է Արեգնազ Ավետյանը:
Վիրաբյանների ընտանիքի ծախսերը շատ են, պատերազմը խլել է տարիների ստեղծածը, տունն ու տեղը: Ռոբերտի մայրը՝ տիկին Ալվարդը, չէր պատկերացնի, որ կրկին վերապրելու է 1988-ի ծանր օրերը, երբ Շամխորի շրջանից փախչելով՝ երեխաների հետ հաստատվեց Չարենցավանի հանրակացարանում: Այնտեղից էլ վերաբնակեցման ծրագրով Շահումյանի շրջանի Վերինշեն գյուղ գնացին: Երկրորդ անգամ արդեն թոռների հետ է նույն ճանապարհն անցնում: Ռոբերտն ու Արեգնազը Նոր Վերինշենում են ընտանիք կազմել, վեց երեխա ունեն:
«Երեխաները դպրոց էին գնում, մենք աշխատում էինք, Քարվաճառի մշակույթի տանը գեղարվեստական ղեկավար եմ եղել, մեծ համույթ ունեի, մանկապատանեկան երգչախումբ ունեի հասարակական հիմունքներով: Մշակույթի տունը լիովին վերանորոգվեց, պետության կողմից տեխնիկան տրամադրվեց, լրիվ նոր տեխնիկա, բայց չհասցրինք վայելել»,- պատմում է Արեգնազը:
Ռոբերտը պայմանագրային զինծառայող էր, սեպտեմբերի 27-ին ընտանիքին ուղարկել է Հայաստան, ինքը՝ դիրքեր բարձրացել: «Վարորդ եմ եղել, սնունդ էր, զինամթերք էր, կրում էինք: Ինչ ասում էին, անում էինք»:
Արեգնազը, սկեսրոջ ու վեց երեխաների հետ Վերինշենից հեռանալով, հաստատվում է Չարենցավանում, եւս մեկ ընտանիքի հետ՝ քսանհինգ հոգով, երկսենյականոց տան մեջ մեկ ամիս մնալուց հետո տեղափոխվում են Քարաշամբ, մնում մինչեւ գարուն: Կահույք, կենցաղային որոշ տեխնիկա, հագուստ Արեգնազը կարողացել է հանել Քարվաճառի շրջանը հանձնելուց՝ նոյեմբերի 25-ից օրեր առաջ:
«Որոշեցինք որ էսպես չի լինի, ավելի լավ է մի բան անենք, մի տանիք, մի բան ստեղծենք մեզ համար: Աջակցություն էին տալիս՝ 68 000 + 13.000 դրամ, մենք էլ 9 շունչ էինք, ավելի ճիշտ՝ 8, որպես զինծառայող ինքը չի ստացել էդ գումարը, միայն 300 000-ից է օգտվել, գումարը հավաքեցինք, որոշեցինք հող առնել, մի տնակ, մի բան դնել, ապրել, ու սկսեցինք տուն ման գալ»: Երկար փնտրտուքից հետո ընտրությունը կանգ է առել մեկ սենյականոց այս տան վրա. համեմատաբար էժան էր: Տունը Արարատի մարզի Նոր կյանք գյուղում է՝ ճամփեզրին: Ընտանիքը 5000 դոլար էր հավաքել, պակասող 3500–ը հատկացրել են Սարգիս Մուրադյան պատկերասրահի ղեկավարներ Հակոբ Ճաղարյանն ու Զարուհի Մուրադյանը:
«Տիկին Զարուհին եկավ, որ տեսնի՝ ինչպես ենք ապրում, մեր առօրյան: Տեսան, որ տունը լավ վիճակում չէ, ապրելու ենթակա չէ, որոշեցին էլի օգնեն, ասացին՝ մենք տանիքի հարցը կլուծենք, որ գոնե տանիքը չկաթի: Տանիքի շինանյութը առել են, քարի գումարը տվեցին, մի քիչ էլ մենք ավելացրինք, հիմա սկսել են արդեն, պատում են», ասում է Արեգնազը: Ծանր օրերից հետո նրա դեմքին ժպիտ է հայտնվել, կարեւորը մշտական տանիք ունեն, փորձում են նվազագույն պայմաններ ստեղծել, ոտքի կանգնել, զրոյից սկսելու փորձ արդեն ունեն, վստահ են՝ սա էլ կհաղթահարեն:
Շինարարությունը սեփական ուժերով են անում, Ռոբերտին մարտական ընկերը՝ Մարտինն է օգնում, Երեւանում շինարար է, ազատ ժամանակ էլ այստեղ է գալիս:
«Պատերը պիտի բարձրացնենք, հետո սկսենք տանիքը հավաքել, քիչ-քիչ սարքում ենք, մի օր քարն է լինում, քարն ենք դնում, մի օր ավազն է լինում, մի օր՝ ցեմենտը, քիչ-քիչ, կամաց կամաց անում ենք», Մարտին Մարտիրոսյանը ցույց է տալիս կատարված աշխատանքը: Ռոբերտ Վիրաբյանն էլ ավելացնում է, «Էս հատվածը կիսելու ենք, բաղնիք-զուգարան սարքենք, ննջասենյակ ավելացնենք, ծախսերից է կախված, եթե գումար չլինի, երեւի էսպես էլ մնա, ինչքան կարողանանք, կանենք»:
Շինարարության մեջ ներգրավված են բոլորը, ով ինչ կարող է, անում է: Արամն, օրինակ, ամեն օր դպրոցից հետո շտապում է տուն՝ օգնելու հայրիկին: Շինարարների հետ հավասար աշխատում է, ավազը մաղելու գործը նրան է վստահված: Շինարարությունը փուլ առ փուլ են իրականացնում, պետության տրամադրած ամենամսյա գումարները ծախսում են միայն շինանյութի վրա, իսկ դրամական աջակցությունն, ըստ Արեգնազի, տրամադրվելու է մինչեւ հունիս:
«Տեսնենք ոնց կլինի, պիտի չարչարվենք, ստեղծենք, ապրենք: Հիմա՝ էս պահին, իմ ուշքումիտքն է, որ շինարարությունն ավարտենք», ասում է Ռոբերտ Վիրաբյանը, կինն էլ հավելում է, «Եթե լինեն բարի մարդիկ, որոնք կօգնեն մեզ, շատ շնորհակալ կլինենք, այդ օգնությունը մեզ շատ է անհրաժեշտ, որովհետեւ միայն աջակցություններով չենք կարողանա տունը լիովին նորոգել, մեզ անհրաժեշտ է լինելու բոլորի օգնությունը»:
Ինեկոբանկում բացված է հաշվեհամար 2052059786171001: Բազմազավակ ընտանիքին կարող եք օգնել նաեւ շինանյութ տրամադրելով, ձեր ամեն լուման կծառայի բարի գործին: Անհրաժեշտ շինանյութի ցուցակն է՝
- ամրան – 230 մ
- պեմզաբլոկ – 500 հատ (10 սմ)
- ցեմենտ – 60 պարկ
- հատակի տախտակ – 3 խորանարդ մետր
- տուֆ – 400 հատ
- լուսամուտ – 5 հատ
- ննջասենյակի դուռ – 3 հատ
- լոգարանի դուռ
- գիպսաստվարաթուղթ –100 քմ
- լամինատ – 80 քմ
- հատակի սալիկներ – 30 քմ
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։