Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ շուկայում ամերիկյան Moderna պատվաստանյութը «լավագույն» որակումն է ստացել, սակայն միայն 10 տարի անց է հնարավոր ասել, թե պատվաստանյութերից որն է արդիական եւ արդյունավետ։
«Համաշխարհային հարթակում որոշել են աջակցել կորոնավիրուսի դեմ ամերիկյան Moderna պատվաստանյութին, որի դեմ պայքարում է մեկ այլ ամերիկա-եվրոպական ընկերություն եւ պայքարում է բավական ագրեսիվ կերպով: Սակայն դրանք իրենց հարցերն են»,- ընդգծել է Պուտինը։
Ավելի վաղ Պուտինը կորոնավիրուսի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութը համեմատել է «Կալաշնիկով» ինքնաձիգի հետ՝ նշելով, որ ռուսական պատվաստանյութը «Կալաշնիկովի» պես պարզ է եւ հուսալի: Նա հավելել է, որ դա եվրոպացի մասնագետներից մեկի բնորոշումն է։
Հիշեցնենք, որ Վաշինգտոնում՝ Պատվաստանյութերի համաշխարհային կոնգրեսում, հայ գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած Moderna Therapeutics կենսատեխնոլոգիական ընկերության Moderna պատվաստանյութը ճանաչվել է կորոնավիրուսի դեմ աշխարհի լավագույն պատվաստանյութ:
Moderna-ն հաղթող է ճանաչվել նաեւ «Պատվաստանյութի համար լավագույն տեխնոլոգիա/հարթակ» անվանակարգում: ԱՀԿ-ն դեռեւս ապրիլին Moderna-ն թույլ է տվել օգտագործել արտակարգ իրավիճակներում:
Հավակնորդների թվում էին Pfizer, Sputnik V, AstraZeneca պատվաստանյութերը:
Փորձագետների ռազմավարական խորհրդատվական խումբը (SAGE) Moderna-ի արդյունավետությունը գնահատել է 94,1 %: Մինչդեռ պատվաստանյութ մշակող-արտադրողների վարկանիշով՝ Pfizer/BioNTech-ի արդյունավետությունը գնահատվում է ավելի քան 90 %, AstraZeneca-ինը՝ 70 %, Sputnik V-ինը՝ 97 %:
Պատվաստանյութերի համաշխարհային կոնգրեսն անցկացվում է շուրջ 20 տարի: Այն, կարելի է ասել, պատվաստանյութերի «Նոբելյան» մրցանակն է: