Սյունիքի մարզի Նռնաձոր համայնքի զարգացման ծրագիր է մշակվել։ Գյուղում նոր թաղամաս է կառուցվելու, երկու առանձնատների հիմնարկեքն արդեն արվել է։ Հայաստանի հարավ-արեւելքում՝ Արաքսի ափին գտնվող այս գյուղում տները կառուցվում են Արցախի պատերազմի հետեւանքով անօթեւան դարձածների համար: Նռնաձորը Մեղրի խոշորացված համայնքի մեջ մտնող 15 բնակավայրերից մեկն է:
«Մեղրիի բոլոր բնակավայրերը զարգացման կարիք ունեն, նրանք բոլորն էլ ռազմավարական նշանակություն ունեցող վայրեր են, որոնց վրա հատկապես այսօր պետք է սեւեռվի բոլորիս ուշադրությունը: Մենք այս պահին Մեղրին ենք ընտրել, բայց մեր աշխարհագրական ընկալումն ընդհանրապես Սյունիքն է»,- «Ալիք մեդիա»-ին ասում է Մեղրիի զարգացման հիմնադրամի տնօրեն Գուրգեն Գրիգորյանը:
Նորաստեղծ այս հիմնադրամն է Նռնաձորում կառուցում առանձնատները, առաջին փուլում՝ այս տարի, նախատեսված է կառուցել երեսուն տուն։ Տնօրենը հստակեցնում է՝ տները տրվելու են Քաշաթաղի, Քարվաճառի, Վարանդայի, Ջրականի, Կովսականի, Սանասարի շրջաններից տեղահանված բազմազավակ ընտանիքներին, շահառու են նաեւ երիտասարդ ընտանիքները, որոնք այս գյուղին նվիրվելու, Նռնաձորի հետ իրենց կյանքը կապելու ցանկություն ունեն: «Տունը տասը տարի տրամադրվելու է օգտագործման իրավունքով, տասը տարի անընդմեջ ապրելուց հետո՝ տասնմեկերորդ տարում, դառնալու է սեփականություն: Ծրագրեր կան տներից բացի այդ մարդկանց տրամադրել նաեւ տնամերձ հողամաս, անասուններ, զարգացնել գյուղի դպրոցը, նորոգել ճանապարհները»,- ասում է Մեղրիի զարգացման հիմնադրամի տնօրենը:
Ընդամենը ամիսներ առաջ ստեղծված այս հիմնադրամը պատերազմից հետո առաջացած անկումային տրամադրությունները մեղմելու, տարբեր քննարկումների թեմա դարձած Սյունիքն ամրացնելու նպատակ ունի:
Հավաքվել են համախոհներով (Երեւանում, այլ վայրերում ապրողներ), հանգանակություններ կատարել եւ Հայաստանի ամենահեռավոր գյուղ համարվող Նռնաձորից սկսել առաջին ծրագիրը: Գուրգեն Գրիգորյանն ասում է, որ հիմնադրամի ծրագրերը պետական որեւէ աջակցություն չունեն, Մեղրու համայնքի ավագանին հաստատել է Նռնաձորի թաղամասի կառուցման նախագիծը, մարտին սկսել են չափման, հողահարթեցման աշխատանքները, եւ հիմնարկեքից հետո սկսում են կառուցումը:
«30 (թերեւս 50) առանձնատուն է նախատեսված կառուցել: Լինելու են 100-110 քառակուսի մետրանոց մեկ հարկանի, միակտոր քարից տներ, որոնք բոլորն ունենալու են ստորգետնյա բունկերներ՝ ռմբապաստարանին համապատասխանող բոլոր չափանիշներով»,- նշում է Գուրգեն Գրիգորյանը: Այս վերջին հանգամանքը գյուղի սահմանամերձ կարգավիճակով է պայմանավորված: Պատերազմից հետո Նռնաձորը Հայաստանի այն 39 համայնքներից մեկն է, որոնք սահմանակից են դարձել Ադրբեջանին:
Մինչեւ 1991 թվականը Նյուվադի նախկին անունով գյուղում ապրում էին ադրբեջանցիներ, նրանք բոլորը խաղաղ հեռացել են մեկ օրում՝ 1991-ի օգոստոսի 8-ին, գյուղում բախումներ չեն եղել, թեև հայ-ադրբեջանական հարաբերություններն արդեն լարված էին: «Այնուհետեւ գյուղը վերաբնակեցվել է Արցախից, Շահումյանի Գետաշենից գաղթածներով, Հայաստանի տարբեր մարզերից էլ են եկել, փոխվել է գյուղի անունը»,- մեզ հետ զրույցում ասում է գյուղի վարչական ղեկավար Ալեքսան Բոյաջյանը: Նա մեղրեցի է, վարչական ղեկավար է ընտրվել 2016-ին՝ ժառանգելով լուրջ խնդիրներ:
Նոր թաղամասի կառուցումն իրեն էլ է ոգեւորել, վստահ է՝ ընդամենը 150 բնակիչ ունեցող գյուղի դիմագիծն ամբողջությամբ կփոխվի: «Նախ տնից զրկված այդ մարդիկ տանիք, ապրելու տեղ կունենան, մյուս կողմից էլ մեր բնակչության թիվը կավելանա, դպրոցի աշակերտները կշատանան, այսօր դպրոցն ընդամենը 20 աշակերտ ունի. դպրոցը չի փակվի: Իսկ ի՞նչ գյուղ առանց դպրոցի, առանց որակյալ կրթության: Մի ուրիշ հարց է ուսուցիչների հարցը. Մեղրիից են գալիս, ճանապարհ չկա, աշխատավարձերը ցածր են, չեն ուզում գալ: Մեր հիմնական խնդիրներից մեկը մնում է ճանապարհը, եթե կառուցվի, թվում է, բոլոր հարցերն ինքնին կլուծվեն: 2020-ի բյուջեում նախատեսված էր Նռնաձորի ճանապարհի կառուցումը, պատերազմի պատճառով չկառուցվեց, այս տարվա բյուջեում արդեն չկա այդ ծրագիրը»,- «Ալիք մեդիա»-ին ասում է Ալեքսան Բոյաջյանը:
Ճանապարհ չլինելու պատճառով գյուղացիները չեն կարողացնում իրացնել իրենց եկամտի հիմնական աղբյուրը՝ նուռը: Քաղաքից գալիս են, ավելի մոտիկ գյուղերից էժան առնում, Նռնաձորի անհարմար, գրունտային ճանապարհով գյուղ չեն էլ մտնում, Նռնաձորի հայտնի նուռը մնում է: Գյուղի նոր անունը պատահական չէ նռան հետ կապվել: Այստեղ ժամանակին Հայաստանի նռնենիների ամենամեծ այգիներն էին:
Խորհրդային Հայաստանում նռնենիի մշակության մասին լույս տեսած միակ մասնագիտական գիրքը (1961, «Հայպետգյուղհրատ») հենց Նյուվադի գյուղի «Կրմզի սահրադ» կոլտնտեսությունում կատարված հետազոտության հիման վրա է գրվել: Ճիշտ է, բերքը մշակող բրիգադավարները, օղակավարները բոլորն ադրբդեջանցիներ են եղել, բայց գրքում նկարագրված տեղեկությունները մանրամասներ են պարզում դեռեւս 1910 թվականից գյուղում հիմնված հռչակավոր այգիների, նրանց փայլուն բերքատվության, նուռը ճիշտ խնամելու, պահելու, պտուղը, տերեւներն ու ծառի բնի կեղեւից ստացված նյութերն օգտագործելու մասին:
Այսօր գրքում նկարագրված նռան բազմաթիվ սորտերի մի մասն այլեւս չկա Նռնաձորում, աճեցնելու անհրաժեշտ պայմաններն էլ չկան, հատկապես ոռոգման ջուրը, որ Նռնաձորի տասնյակ խնդիրներից մեկն է: «Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Մեղրիի մյուս բնակավայրերի հետ մենք էլ ենք կանգնում ոռոգման ջրի լուրջ խնդրի առջեւ: Արաքսի ձախ վտակից՝ Մեղրի գետից է գալիս մեր ոռոգման ջուրը, այդ սեզոնին շատ է բարակում, քանի որ Նախիջեւանի կողմից էլ են տանում, մեր պոմպերն էլ շատ հին են, աշխատելն ու փչանալը մեկ են լինում»,- Նռնաձորի հերթական խնդրին է անդրադառնում վարչական ղեկավարը:
Մասնավոր միջոցներով ստեղծված՝ Մեղրիի զարգացման հիմնադրամի տնօրենն ասում է, որ Նռնաձորի զարգացման ծրագրում ոռոգման ջրի հարցն էլ կա, իրենց ուշադրության կենտրոնում է նաեւ գյուղի հողատարածքները գյուղին վերադարձնելը: Վարչական ղեկավարը նշեց, որ Նռնաձորի 148 հա գյուղատնտեսական նշանակության հողերը համայնքին վերադարձնելու հարցով ուր ասես դիմել են, վերջին նամակը քսան օր առաջ է գրվել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, հակափաստարկներով պատասխանել են նախարարության գրությանը, դեռ արձագանք չկա:
Իսկ խնդիրը շատ հին է. 1993-ից Նռնաձորում գործում է դատապարտյալների համար նախատեսված բաց ռեժիմի տեղամասը: Այն ներառված է «Գորիս» քրեակատարողական հիմնարկի կազմում, գյուղի 148 հա հողը ժամանակին տրվել է արդարադատության նախարարությանը, որպեսզի Նռնաձորի ուղղիչ աշխատանքային տեղամաս տարվող դատապարտյալները մշակեն այն:
«Մի որոշ ժամանակ մշակում էին, հետո տեսան, որ դատապարտյալները չեն կարող պահել, վարձակալության տվեցին, հետո լուծարեցին այդ պայմանագրերը, հողերը հիմա անմշակ են: Մեր դիմումներին պատասխանում են, որ նպատակահարմար չեն համարում հողերի կարգավիճակը փոխել, քանի որ դատապարտյալների զբաղվածության հարց է լուծվում: Բայց թույլ փաստարկ է, քանի որ հինգ կամ տասը դատապարտյալի զբաղվածության հարցն ու մի ամբողջ գյուղի զարգացման հեռանկարը համեմատելի չեն: Մենք նոր բնակիչներին տները որ տանք, գյուղում էլ աշխատանք չկա, իրենք ինչո՞վ են զբաղվելու: Նրանց հող տալն ամենաքիչն է, որ կարող ենք անել: Մեր գյուղի բնակիչներն էլ շատ քիչ հող ունեն, պայքարելու ենք, որ մեր հողերը օրինական կարգով վերադարձնենք համայնքին»,- մեզ հետ զրույցում ասում է Ալեքսան Բոյաջյանը:
Տեղեկացանք, որ Նռնաձորի բաց ռեժիմի տեղամասը դեռ կա, բայց դատապարտյալները բողոքել են տեղամասի պայմաններից, երեք տարի է՝ նրանց այնտեղ չեն տանում, տեղամասը նորոգվելու է եւ նոր պայմաններով նորից ընդունելու է դատապարտյալներին: «Իրենք գալիս են այստեղ, բայց հողի հետ աշխատանքը կամավոր սկզբունքով է, չեն կարող նրանց ստիպել աշխատել, փորձը ցույց է տվել, որ նրանց մեծ մասը չի ցանկանում աշխատել, մի մասը նույնիսկ հող մշակել չգիտի: Չգիտես այս ծրագրի նպատակը որն է, բայց գյուղին լուրջ վնաս է տալիս: Սահմանամերձ գյուղում արդեն իսկ դժվար է մարդկանց պահել, հողն էլ վերցրել են նրանցից, ի՞նչ են մտածում»:
Ալեքսան Բոյաջյանը գյուղում արտագաղթի շունչ է զգում, հույս ունի, որ զարգացման ծրագիրն ինչ-որ չափով կկանխի արտագաղթը: Միայն չգիտի, թե ոնց են լուծելու արոտավայրերի հարցը: «Ադրբեջանի հետ սահման դառնալուց հետո, ճիշտ է, կրակոցներ, բախումներ չկան, բայց սահմանը շատ մոտ է, ադրբեջանցիները նստել են անմիջապես բնագծով, սահմանի գլխին, մեր արոտավայրերը մնացել են չեզոք գոտում, մայիսի վերջին սարի սեզոնը բացվելու է, խնդրի առջեւ ենք կանգնելու, մեր սարի արոտը սահման է դարձել»:
Ալեքսան Բոյաջյանն ասում է, որ Նռնաձորի մասին խոսելիս հաճախ են օգտագործում «Հայաստանի վերջն է» արտահայտությունը՝ նկատի ունենալով, որ այդ հատվածի վերջին գյուղն է, ինչին ինքը հակադարձում է. «Նռնաձորը Հայաստանի սկիզբն է, Հայաստանն այստեղից է սկսվում»:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։