Պորտուգալական Պորտո քաղաքում ԵՄ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում եվրոպացի առաջնորդները շարունակել են քննարկումները կորոնավիրուսի համավարակի, դրա հետևանքով Եվրոպայում ծագած սոցիալական խնդիրների հաղթահարման, կորոնավիրուսի դեմ պատվաստումների տեմպի ավելացման հարցերի շուրջ։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ԵՄ-ի անունից դիմել է Միացյալ Նահանգներին եւ կորոնավիրուսի պատվաստանյութ արտադրող մյուս երկրներին՝ հորդորելով հետեւել եվրոպացիների օրինակին եւ իրենց արտադրանքի մի մասն արտահանել այլ պետություններ։
Լայենն ընդգծել է, որ կորոնավիրուսի դեմ եվրոպական արտադրության պատվաստանյութերի շուրջ 50 տոկոսն արտահանվում է 90 երկիր, որոնց թվում՝ այն երկրներ, որոնք ներառված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVAX ծրագրում:
Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ միայն ավելի մեծ թվով արտադրությունը, արտահանման արգելքների վերացումն ու արդեն իսկ պատվիրված պատվաստանյութերով կիսվելը թույլ կտան արագ պայքար մղել համավարակի դեմ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւս իր ելույթում նշել է, որ համաշխարհային հանրությունը չի կարողանա կասեցնել համավարակը, եթե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն ամբողջ աշխարհում հասանելի չլինի:
«Պետք է աշխատենք, որ պատվաստանյութը դառնա համընդհանուր, իսկ դա ենթադրում է մեծացնել պատվաստանյութերի արտադրությունը»,- ընդգծել է Մակրոնը՝ ԱՄՆ-ին պատվաստանյութերի եւ դրանց բաղադրիչների արտահանման բոլոր արգելքները հանելու կոչ անելով:
Ֆրանսիայի նախագահը ոչ պաշտոնական գագաթնաժողովի ավարտին հայտնել է, որ մայիսի 25-ին ԵՄ անդամ պետությունների ղեկավարների պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում օրակարգի հիմնական հարցերից բացի կքննարկվի Ռուսաստանի Դաշնության և Brexit-ի նկատմամբ քաղաքականությունը: