Թուրքական մամուլը շարունակում է քննարկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայանպաստ հայտարարությունը։ Areda Survey պարբերականն այս հարցում օգնության է կանչել ամերիկացի փաստաբան, նախագահ Ռոնալդ Ռեյգանի օրոք գլխավոր դատախազի տեղակալ Բրյուս Ֆեյնին (1981-1982)։
Ֆեյնը նաեւ սահմանադրական իրավունքի մասնագետ է եւ կարծում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես «ցեղասպանություն» հակասում է ամերիկյան արժեքներին եւ ունի քաղաքական դրդապատճառներ։
Ըստ նրա՝ հաշվի չի առնվել այն փաստը, որ իրադարձություններն ուսումնասիրելու համար Թուրքիան համաձայն է բացել իր արխիվները, մինչդեռ Հայաստանը հրաժարվում է նույնը անելուց:
«Ցավալի է, որ ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել՝ չունենալով իրավական հիմքեր»: Ես, անշուշտ, կարծում եմ, որ դա անարդար է եւ ոչ համահունչ ամերիկյան արժեքներին: Բայց, ցավոք, սա սոսկ Թուրքիայի հետ չէ կապված: Ցավալին այն է, որ մենք կորցրել ենք հարգանքը որպես այդպիսին»,- ասել է Ֆեյնը։
Նա նշել է, որ նախագահի արած հայտարարությունը պարտավորեցնող չէ, եւ ապագա նախագահը կարող է վերանայել իր դիրքորոշումը: «Նույնը վերաբերում է Կոնգրեսի բանաձեւերին. դրանք դատական որոշումներ չեն: Այնպես որ, դրանց հեշտ է հակադարձել»:
Նշելով, որ Բայդենի քաղաքական հայտարարությունները որեւէ արդյունք չեն ունենա, քանի որ իրավական տեսակետից պարտավորեցնող չեն, Ֆեյնը ասել է, որ Եվրոպական դատարանների որոշումները, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2015-ի որոշումը՝ Փերինչեկն ընդդեմ Շվեյցարիայի գործով, պարզ ասում են, որ օրենսդիր եւ վարչական մարմինները ցեղասպանության հանցագործության հարցով մեղավոր կամ անմեղ ճանաչելու իրավասություն չունեն:
«Ցեղասպանության մասին կոնվենցիայի 9-րդ հոդվածի համաձայն, եթե վեճ է առաջանում՝ արդյոք իրադարձությունները ցեղասպանություն են եղել, թե ոչ, վճռական որոշումը պետք է կայացնի Հաագայի միջազգային դատարանը»,- ասել է Ֆեյնը եւ ավելացրել, որ Հայաստանը երբեք իրեն նեղություն չի տվել դիմելու Արդարադատության միջազգային դատարան (ICJ):
Ֆեյնը բացատրել է, որ ցեղասպանության կոնվենցիայի տեսանկյունից 1915-ի իրադարձությունները ցեղասպանություն չեն մի քանի պատճառներով:
«Նախ կա համընդհանուր օրենսդրական սկզբունք՝ եթե գործողությունները, որոնք կատարման պահին հանցագործություն չեն համարվել, հետադարձաբար չեն կարող այդպիսին համարվել: Ցեղասպանության ամբողջ հայեցակարգը ձեւակերպված չի եղել մինչեւ 1943 թվականը։ Դրանք չեն եղել սպանություններ, որոնք կարող են բնութագրվել որպես ցեղասպանություն, քանի որ տեղի են ունեցել քաղաքական վեճերի արդյունքում՝ որոշակի խմբի անկախ լինել-չլինելու հարցով»,- ասել է նա։
Նրա կարծիքով օսմանյան հայերը ապստամբել են 1915-ին՝ ձգտելով քաղաքական անկախություն ձեռք բերելու Օսմանյան կայսրությունից: «Նրանք [հայերը] հրաժարվեցին Օսմանյան կայսրությանը հավատարիմ մնալուց Ռուսաստանի եւ Ֆրանսիայի դրդմամբ, որոնք այն ժամանակ Օսմանյան կայսրության, Թուրքիայի թշնամիներն էին: Դա ռազմատենչ պայքար էր, եւ այդ մահերը ցեղասպանական սպանություններ չէին»:
Ֆեյնի կարծիքով այս եւ նման այլ պատճառներով էլ Հայաստանը հրաժարվում է ICJ դիմելուց, քանի որ վախենում է պարտվելուց:
Անդրադառնալով ԱՄՆ-ում հայկական լոբբիի ազդեցությանը՝ Ֆեյնը ասել է, որ նրանք շատ ավելի լավ կազմակերպված եւ հարուստ են, քան այնտեղ ապրող թուրքերը: «Քաղաքականորեն, նրանք շատ ավելի զինված են, քան քաղաքական ասպարեզում թուրք ամերիկացիները, եւ այդ պատճառով էլ հաղթեցին: Նրանք չեն ցանկանում հարցը իրավական դաշտ բերել, քանի որ վախենում են, որ կպարտվեն»:
Պատրաստեց Կարինե Դավոյանը