Վարշավայում ՌԴ դեսպանության եւ ռուսական սահմանային հաստատությունների գույքագրման արդյունքում պարզվել է, որ եթե 1997-ին Լեհաստանում խորհրդային զինվորին նվիրված 561 հուշակոթող կար, այժմ դրանց թիվը 100-ից փոքր-ինչ շատ է:
2017-ին Լեհաստանում ընդունվել է կոմունիզմի քարոզչությունն արգելող օրենք, որը տեղական իշխանություններին պարտավորեցնում է քանդել խորհրդային հուշակոթողները:
Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Լեհաստանում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության տվյալներով նախորդ տարվա ընթացքում վոյեվոդաների ցուցումով արձանագրվել է նման ինը հուշակողոթողի ապամոնտաժում:
Նույն ժամանակահատվածում խորհրդային հուշակոթողների նկատմամբ տեղի է ունեցել վանդալիզմի 11 գործողություն:
Ազատության թշնամին
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, երկրի առաջին Սահմանադրության 230-ամյակի առթիվ իր ելույթում հիշատակելով 1791-1792 թվականների իրադարձությունները, հակառուսական արտահայտություններ է արել Ուկրաինայի եւ Մերձբալթյան երկրների ղեկավարների ներկայությամբ:
«Մայիսյան Սահմանադրության մեջ արձանագրվել էր կարգախոս. «Մարդկային հասարակության ցանկացած իշխանություն բխում է ժողովրդի կամքից»: Այդ հիասքանչ ուղերձը փոխանցվեց սերնդեսերունդ եւ մեկընդմիշտ դարձավ մեր պատմական ժառանգության վիթխարի գանձը, մեր ժողովրդավարության, արդյունքում նաեւ բոլոր ժողովրդավարությունների հիմքը: Ըստ էության, դրա համար էլ ազատության թշնամիները մայիսի 3-ի մեր Սահմանադրությունն ի վիճակի չեղան հանդուրժելու: Հենց դա էր պատճառը, որ մեզ պատերազմ է հայտարարել իմպերիալիստական Ռուսաստանը»,- հայտարարել էր Լեհաստանի նախագահը՝ ելույթ ունենալով հյուրերի առաջ:
Ավելի ուշ հերթական ելույթի ժամանակ Դուդան դիմել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն եւ վերահաստատել, որ պաշտոնական Վարշավան Ղրիմն ու Դոնբասը դեռեւս բռնակցված տարածքներ է համարում:
Պատմական տեղեկանք
16-17-րդ դարերում Եվրոպայի ամենամեծ եւ հայտնի երկրներից մեկի՝ Լեհական թագավորության եւ Լիտվական մեծ իշխանության միությունից Լյուբլինյան ունիայով (մեկ գերիշխանության ներքո մի շարք միապետությունների միավորմամբ) 1569-ին կազմավորվեց Ռեչ Պոսպոլիտայի դաշնությունը:
Ռեչ Պոսպոլիտան տեղակայված էր ներկայիս Լեհաստանի, Ուկրաինայի, Բելառուսի եւ Լիտվայի, մասամբ նաեւ Ռուսաստանի, Լատվիայի, Էստոնիայի, Մոլդովայի եւ Սլովակիայի տարածքներում։
Երկրի ղեկավարին ընտրում էր սեյմը՝ ցմահ: Նա կրում էր լեհական թագավորի եւ լիտվական մեծ իշխանի տիտղոսը։ Ռեչ Պոսպոլիտան վերացավ 1795-ին Ռուսաստանի, Պրուսիայի եւ Ավստրիայի միջեւ մասնատման հետեւանքով:
Մասնատման պատճառը ռուս-լեհական պատերազմից մեկ տարի անց լեհ եւ ռուս ազնվականության տարաձայնություններն էին 1771-ի մայիսի 3-ին ընդունված Հիմնական օրենքի վերաբերյալ: Սահմանադրության նախաձեռնողները հետապնդումներից խուսափելու համար ստիպված են եղել փախուստի դիմել:
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը