Հայաստանի ավանդական երեք կուսակցություններից ՀՅԴ-ն առաջին անգամ խորհրդարանական ընտրություններին, որոնք կայանալու են հունիսի 20-ին, մասնակցելու է ոչ թե իր ցուցակով, այլ դաշինքով՝ նորաստեղծ «Վերածնվող Հայաստանի» հետ:
Ավելին՝ իր 130-ամյա պատմության մեջ առաջին անգամ ՀՅԴ-ի խորհրդարանական ընտրությունների ցուցակը գլխավորելու է ոչ կուսակցական գործիչ, տվյալ դեպքում՝ Արցախի առաջին եւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Դաշնակցության եւ Քոչարյանի դաշինքը, որի մաս է կազմում նաեւ գերազանցապես Սյունիքի մարզը ներկայացնող գործարար, նախկին մարզպետ Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստանը», սպասելի էր՝ հաշվի առնելով նրանց համագործակցության անցյալը, այսօր Հայաստանում ստեղծված վիճակն ու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդեպ ընդհանուր կեցվածքը:
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ն միշտ մասնակցել է միայնակ՝ իր ցուցակով:
Առաջին՝ 1919 թվականի հունիսի 21-23-ը կայացած խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ն բացահայտ հաղթանակ տարավ: ՀՅԴ-ն իշխող կուսակցությունն էր, իսկ մեծությամբ երկրորդ ուժը՝ Հայ ժողովրդական կուսակցությունը, բոյկոտեց ընտրությունները՝ ՀՅԴ-ին մեղադրելով դրանք զանգվածաբար կեղծելու եւ ընտրակաշառք բաժանելու մեջ:
Այդ ընտրություններն անցան բացառապես համամասնական ընտրակարգով: 80 հոգանոց խորհրդարանի 73 աթոռները զբաղեցրին ՀՅԴ-ականները: Նշենք, որ ցուցակագրություն եւ ընտրություններ չեն անցկացվել Կարսում, Նախիջեւանում, Զանգեզուրում եւ Արցախում։ Կարսը եւ Նախիջեւանը Հայաստանի դաշնակից բրիտանացիների ռազմական օգնությամբ ՀՀ-ին միացվեցին 1919-ի ապրիլ-մայիսին։ Արցախը 1918-1920 թվականներին ՀՀ-ի մաս չի դարձել: Թեեւ Զանգեզուրը 1919-ին ՀՀ-ի մաս էր կազմում, սակայն խորհրդարանական ընտրություններ այնտեղ չեղան:
ՀՅԴ-ն ներկայացված է եղել 1990 թվականից ի վեր Հայաստանի բոլոր խորհրդարաններում՝ բացառությամբ վերջինի (2019-2021)։
1920-ականների սկզբին Խորհրդային Հայաստանից ստիպողաբար հեռանալուց հետո կուսակցությունը հայրենիք վերադարձավ 1990-ի օգոստոսին։ Նույն տարվա մայիսին (երկրորդ փուլը՝ հունիսին) կայացած Գերագույն խորհրդի ընտրություններում ՀՅԴ-ն չէր կարող մասնակցել ոչ միայն այն պատճառով, որ իրավաբանորեն դեռ չէր հաստատվել անկախության ուղին բռնած Խորհրդային Հայաստանում (ՀՅԴ-ն հաստատվեց 1990-ի օգոստոսին), այլև որովհետեւ այդ ընտրությունները բացառապես մեծամասնական ընտրակարգով էին։ Այդուհանդերձ, երբ ձեւավորվեց խորհրդարանը, կարճ ժամանակ անց պատգամավորներից, որոնք ընտրվել էին ՀՀՇ-ի եւ կամ Կոմկուսի աջակցությամբ, ձեւավորվեց ՀՅԴ խմբակցությունը, որն ընդդիմադիր դիրք էր գրավել իշխանական Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) դեմ։
1995-ի խորհրդարանական ընտրություններին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից կասեցված լինելու պատճառով ՀՅԴ-ն մասնակցելու հնարավորություն չունեցավ։ Մեծամասնական ընտրակարգով մեկ ՀՅԴ-ական՝ Ռուբիկ Հակոբյանը (հեռուստալրագրող, որ մտել էր ՀՅԴ, իսկ հետագայում՝ «Ժառանգություն»), ընտրվեց պատգամավոր եւ հնչեցնում էր կուսակցության ձայնը խորհրդարանում եւ նրա պատերից դուրս։
1999, 2003, 2007 եւ 2012 թվականների խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ն մշտապես հաղթահարել է 5 տոկոսի շեմը, ինչպես նաեւ ունեցել ընտրված պատգամավորներ մեծամասնական ընտրակարգով։ Լավագույն արդյունքն ունեցել է 2007-ին՝ 12.7 տոկոս։ 1999-ին ՀՅԴ-ն ստացել է քվեների 7.9, 2003-ին՝ 11.5, 2012-ին՝ 5.7 տոկոսը:
Ուշագրավ է, որ ՀՅԴ-ն Քոչարյանի նախագահության տարիներին կայացած խորհրդարանական ընտրություններում՝ 1999-ին, 2003-ին եւ 2007-ին, գրեթե կրկնակի բարձր քվեներ է ստացել, քան Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին կայացած խորհրդարանական ընտրություններում: 2012-ին եւ 2017-ին ՀՅԴ-ն Ազգային ժողով է մտել համապատասխանաբար 5.7 եւ 5.5 տոկոս քվեներով:
ՀՀ-ում առաջին կոալիցիոն կառավարությունը ձեւավորվել է 2003-ին, ընդ որում՝ դա եղել է ՀՅԴ-ի առաջարկը, Դաշնակցությունը նախագահ Քոչարյանի կառավարման 10 տարիներին միշտ ունեցել է կուսակցական նախարարներ եւ մարզպետներ: Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիներին ՀՅԴ-ն այս կամ այն կերպ համագործակցել է իշխանությունների հետ, բայց ոչ միշտ է եղել կառավարության կազմում: Այսպես՝ 2009-ի ապրիլին, ի նշան բողոքի ընդդեմ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության, ՀՅԴ-ն լքեզ կոալիցիոն կառավարությունը:
2017-ի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ն ստացավ քվեների 5,5 տոկոսը։ 2018-ի ապրիլի 14-ին կուսակցությունը հավանություն տվեց Սերժ Սարգսյանի թեկնածությանը վարչապետի պաշտոնում եւ կրկին կոալիցիոն կառավարության մաս կազմեց։ Սերժ Սարգսյանի հրաժարականից երկու օր անց՝ ապրիլի 25-ին, ՀՅԴ-ն հայտարարեց քաղաքական կոալիցիային իր մասնակցության դադարեցման մասին, իսկ երկու շաբաթ անց մաս կազմեց Նիկոլ Փաշինյանի ժամանակավոր կառավարության, ինչը շարունակվեց մինչեւ հոկտեմբերի 2-ը։
2018-ի դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ն ստացավ քվեների 3.9 տոկոսը եւ դուրս մնաց ԱԺ-ից:
Առաջին՝ 1991-ի նախագահական ընտրություններում ՀՅԴ-ի թեկնածու, սիրված դերասան Սոս Սարգսյանը ստացավ քվեների 4 տոկոսից քիչ ավելին՝ զիջելով Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ 83 եւ Պարույր Հայրիկյանին՝ 7 տոկոս:
1996-ի սեպտեմբերյան նախագահական աղմկահարույց ընտրություններում ՀՅԴ-ն պաշտպանեց ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին ընդդեմ Տեր-Պետրոսյանի։ Այս շրջանում ՀՅԴ-ն կասեցված էր, իսկ նրա ղեկավարության հիմնական մասը՝ անազատության մեջ:
1998-ի եւ 2003-ի նախագահական ընտրություններում ՀՅԴ-ն թեկնածու չի առաջադրել եւ պաշտպանել է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունն ընդդեմ Կարեն Դեմիրճյանի, ապա՝ Ստեփան Դեմիրճյանի։
2008-ի նախագահական ընտրություններում ՀՅԴ-ի թեկնածու Վահան Հովհաննիսյանը ստացավ քվեների 6 տոկոսը։ Երբ Սերժ Սարգսյանը կազմեց կառավարություն, ՀՅԴ-ն միացավ երրորդ նախագահին: 2013-ի նախագահական ընտրություններում ՀՅԴ-ն թեկնածու չառաջադրեց եւ, ըստ էության, լռելյայն աջակցեց Սերժ Սարգսյանին ընդդեմ Րաֆֆի Հովհաննիսյանի։
ՀՅԴ-ն եւ Ռոբերտ Քոչարյանը 1990-ից ի վեր հիմնականում ունեցել են համագործակցության անցյալ, բայց եղել են նաեւ դիմակայության պահեր: Այսպես՝ 1990-1992 թվականներին Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը ներկայացնում էին ՀՀՇ-ի թեւը Արցախում եւ այդքանով դիմակայության մեջ էին ՀՅԴ-ի հետ, քանի որ ակնհայտ էր Տեր-Պետրոսյան-ՀՅԴ դիմակայությունը, որը հետագա տարիներին վերածվեց առճակատման: 1996-ի նախագահական ընտրություններում այն ժամանակ Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրապարակային կոչ արեց քվեարկելու Տեր-Պետրոսյանի օգտին:
Իր գրքում՝ «Կյանք եւ ազատություն», Քոչարյանը տհաճ բառապաշար է օգտագործել Արցախի առաջին ղեկավար, ՀՅԴ-ական Արթուր Մկրտչյանի հասցեին: Քոչարյանը կոշտ, երբեմն վիրավորական խոսքեր է ուղղում նաեւ ՀՅԴ-ի հասցեին, երբ անդրադառնում է 1991-ի դեկտեմբերին Արցախում կայացած խորհրդարանական առաջին ընտրություններին:
Քոչարյանը գրում է, որ Արցախում ՀՅԴ-ն ընտրատարածքների մեծ մասում թեկնածուներ էր առաջադրել՝ չբացահայտելով կուսակցական պատկանելությունը. «Նրանցից շատերին մենք աջակցել էինք՝ չիմանալով, որ ծպտյալ դաշնակցականներ են եւ, ընդհանրապես, չկռահելով՝ ինչ է կատարվում: Այդ խաբեությունն ակնհայտորեն նախընտրական ռազմավարության մասն էր ու մեզ շատ վիրավորեց: Այդ պատմությունը տհաճ նստվածք թողեց մեր մեջ, ու թեև շարունակում էինք շփվել դաշնակցականների հետ, նրանց հանդեպ վստահություն չկար»,- գրում է նա:
Քոչարյանի եւ ՀՅԴ-ի դիմակայությունը խորացավ, երբ նա Արցախի խորհրդարանի նախագահի աթոռի համար պայքարում 1992-ի հունվարին պարտվեց Արթուր Մկրտչյանին:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։