Մայիսի 9-ին հորդառատ անձրեւի ջրերը ողողել են Ախթալայի Լեռնահարստացման կոմբինատ ՓԲԸ-ին պատկանող «Պայթուցիկների ձոր» պոչամբարի հարեւանությամբ թափոնակույտն ու թափոնաջրերով ողողել Ախթալա համայնքի փողոցներն ու հողահանդակները, սրա մասին ահազանգել են բնակիչները:
Տարածաշրջանում ակտիվ գործունեություն ծավալող «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը նշեց, որ սա առաջին դեպքը չէ, անձրեւից հետո բնակավայրում միշտ նույն պատկերն է: Նախկինում, երբ ահազանգել են տեսչական մարմին, եկել արձանագրել ու պարզաբանել են, թե ընդամենը կավաջրեր են: Սակայն այս վարկածը չի կարող համապատասխանել իրականությանը, քանի որ դեռ տարիներ առաջ բնակիչներն ականատես են եղել, թե ինչպես են «Պայթուցիկների ձոր» պոչամբարի երկարակեցության նպատակով պոչամբարից հանվում ու հարեւանությամբ ձորը լցվում հանքարդյունաբերական թափոններ, թափոնակույտը մինչ օրս էլ առկա է:
Ներկայում «Պայթուցիկների ձոր» պոչամբարը սառեցված է, սակայն շարունակում է պահուստային թափոնավայր լինել վթարի կամ տեխնիկական խնդիրների դեպքում «Նահատակ» պոչամբար հոսող պոչերի համար: Հիշեցնենք, որ «Նահատակ» պոչամբարը դեռ 2020 թվականի մարտին պետք է փակվեր ու ռեկուլտիվացվեր, սակայն շարունակվում է օգտագործվել, ավելին՝ կոմբինատի ղեկավարությունն այն միաժամանակ օգտագործելու եւ ռեկուլտիվացնելու նախագիծ է ներկայացրել:
Որ անձրեւաջրերին միախառնված հոսում են հենց հանքարդյունաբերական թափոնները, ապացուցվել են նաեւ տարբեր հետազոտությունների արդյունքում: Դեռ 2016 թվականին Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը տարածաշրջանում հետազոտություն էր իրականացրել՝ ուսումնասիրելով Ախթալայի եւ Ալավերդու դպրոցների ու մանկապարտեզների խաղահրապարակներից վերցված հողի նմուշներն ու պարզել, որ դրանցում մի քանի վտանգավոր քիմիական տարրերի պարունակությունը թույլատրելիից չափազանց բարձր է:
Այնուհետեւ տարածաշրջանի հողերի, անձրեւաջրերի, գետերի ջրերի նմուշներում, ինչպես նաեւ բանջարաբոստանային մշակաբույսերում ծանր մետաղների եւ հատկապես մկնդեղի պարունակության հետազոտություն է իրականացվել «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի», «Էկոլուր» տեղեկատվական, «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» տեղական, ինչպես նաեւ չեխական «Առնիկա» ՀԿ-ների համագործակցությամբ: Բոլոր նմուշներում հայտնաբերվել են ծանր մետաղների բարձր խտություն: Այդ նույն նյութերի առկայությունը ապացուցվել է նաեւ տարածաշրջանի բնակիչների օրգանիզմում:
Անձրեւներն էլ նպաստում են շրջակա միջավայրի եւ մարդկանց առողջության համար վտանգավոր այս նյութերի տարածմանը: Անձրեւից հետո բնակավայրի հողատարածքները ժանգի գույն են ստանում, ու ժամանակի ընթացքում թափոնները դառնում են գյուղատնտեսական նպատակով օգտագործվող հողերի, հետեւաբար նաեւ բանջարեղենի ու մրգերի անբաժանելի մասը:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։