Ազգային ժողովն այսօր երկրորդ անգամ վարչապետի պաշտոնում չընտրեց Նիկոլ Փաշինյանին՝ 76 ձեռնպահ, 1 կողմ, 1 դեմ ձայներով։ Այսպիսով՝ յոթերորդ գումարման Ազգային ժողովը իրավունքի ուժով ցրվեց, սակայն կշարունակի գործել մինչեւ արտահերթ ընտրություններով նոր խորհրդարանի ձեւավորումը:
Դաշինքներ եւ իրենց ուժերի վրա վստահներ
Նոր խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հունիսի 20-ին: Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրություններին կմասնակցի առանձին: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն եւ նորաստեղծ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները արտահերթին կմասնակցեն «Հայաստան» անվանմամբ դաշինքով: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ն եւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը «Պատիվ ունեմ» անվամբ դաշինք են կազմել: Խորհրդարանական ընդդիմադիր ուժերը՝ «Բարգավաճ Հայաստանը» եւ «Լուսավոր Հայաստանը», կմասնակցեն առանձին ցուցակներով:
ՀԱԿ-ի որոշմանը սպասելիս
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած ՀԱԿ-ը դեռ չի հայտնել ընտրություններին մասնակցության իր մտադրության մասին:
Մայիսի 16-ին կմեկնարկի Հայ ազգային կոնգրեսի երկար սպասված համագումարը, որտեղ եւ կորոշվի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը։
2-րդ փուլի անխուսափելիությունը
Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ Հայաստանում արտահերթ ընտրությունները կարող են մեկ փուլով չավարտվել։
Նշենք, որ անցյալ շաբաթ ԱԺ-ն ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Բայց նոր օրենքը առաջիկա ընտրությունների ժամանակ չի կիրառվի, քանի որ ՀՀ նախագահը սահմանված ժամկետում չստորագրեց այն։
Եթե ԱԺ արտահերթ ընտրություններում քաղաքական ուժերից որեւէ մեկին չհաջողվի ստանալ խորհրդարանի մանդատների առնվազն 54 տոկոսը, եւ 6 օրվա ընթացքում հնարավոր չլինի 3 ուժերի միջեւ կազմել կոալիցիա, որը կունենա խորհրդարանի տեղերի 54 տոկոսը, ապա Հայաստանում տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլ:
Կոալիցիայի ձեւավորման նոր կարգը
Նոր ընդունված օրենքով փոխվում է քաղաքական կոալիցիաներ ձեւավորելու կարգը. առաջնահերթություն է տրվում այն կուսակցությանը կամ դաշինքին, որը ընտրությունների արդյունքով ձայների մեծամասնություն է ստացել:
Վերջինս 14 օրվա ընթացքում կարող է քաղաքական կոալիցիա կազմել մանդատների բաշխմանը մասնակցած մյուս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է բաշխված մանդատների ընդհանուր թվի 52 տոկոսը ստանալու համար, եւ նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի վերաբերյալ։
Նախագահը ստորագրեց արտահերթի հրամանագիրը
Քիչ առաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակման հրամանագիրը:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ եւ 93-րդ հոդվածների պահանջները եւ հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակումը.
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակել 2021 թվականի հունիսի 20-ին: Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: