Անցած տարի հայտնի դարձավ, որ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցումը պետք է շարունակվի ոչ թե բետոնապատման, ինչպես եղել էր մինչ այդ, այլ ասֆալտապատման եղանակով: Ինչո՞ւ: Չէ՞ որ նախկին իշխանությունները հայտարարում էին, որ ամենաբարձր չափորոշիչներին համապատասխանող բետոնե ճանապարհ են կառուցելու: Պարզվում է, Հայաստանում արտադրվող եւ ներկրվող ցեմենտի որակը չի համապատասխանում ճանապարհաշինության պահանջներին, եւ դա է պատճառը, որ դեռ նոր կառուցված ավտոմայրուղու Երեւան-Աշտարակ կամ Երեւան-Արտաշատ հատվածներում կարճ ժամանակ անց ճաքեր առաջացան:
Տարիներ առաջ, երբ սկսվեց մայրուղու կառուցումը, հրապարակումներ եղան, որ «Հյուսիս-հարավին» ցեմենտ է վաճառում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանը, բայց այն չունի համապատասխան որակ: Ճանապարհաշինության, ինչպես նաեւ ջրամբարների, պատվարների, բարձրահարկ շենքերի հիմքերի կառուցման համար պահանջվում է բարձրորակ «պորտլանտ» տեսակի ցեմենտ:
Մայրուղու կառուցման առաջին տարիներին ԲՀԿ-ն իշխանության մեջ էր, ու նման խնդիրը խոչընդոտ չդարձավ, որ նրա արտադրած ցեմենտն իրացվեր մեր երկրի համար ռազմավարական ու աննախադեպ խոշոր ծրագրում: Այսօրվա իշխանությունները ստիպված են նոր կառուցվող ճանապահի վերին շերտը ասֆալտով պատել: Եվ սա հանրայնացվեց անցած շաբաթ Ազգային ժողովում ցեմենտի ու կլինկերի ներկրման տուրքը բարձրացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ:
Փրկե՞լ, թե՞ դաշտը մենաշնորհային դարձնել
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ էր ներկայացրել մի օրինագիծ, որով առաջարկում էր 1 տոննա ցեմենտի ներկրման տուրքը 14.000 դրամից բարձրացնել 25.000 դրամի, իսկ կլինկերինը սահմանել 9000 դրամ: Կլինկերն այն հումքն է, որից ցեմենտ են ստանում, եւ որը հիմնականում ներկրվում է Իրանից: Այս պահին կլինկերի վրա ներմուծման տուրք չկա: «Արարատցեմենտից» բացի՝ Հայաստանում գործում է եւս երկու խոշոր ցեմենտի գործարան` «Հրազդանցեմենտն» ու «Շինցեմենտը», բայց այս երկուսի արտադրանքը միասին առաջինից քիչ է: Եվ եթե երկու գործարանները սեփական հումքով են ցեմենտ արտադրում, «Շինցեմենտն» աշխատում է ներկրվող կլինկերով: Կան նաեւ շատ փոքր ծավալով այլ արտադրամասեր:
Քերոբյանը տուրքի բարձրացման իր նախաձեռնությունը բացատրում էր «Հրազդանցեմենտին» օգնելու ցանկությամբ: Այս գործարանն, ի տարբերություն «Արարատցեմենտի», ցեմենտ արտադրում է թաց եղանակով, ինչը բարձրացնում է արտադրանքի ինքնարժեքը. տվյալ է ներկայացրել, որ 1 տոննան մոտ 40 հազար դրամ է: Բայց այն որակով ավելի բարձր է, թեեւ նույնպես չի ապահովում ճանապարհաշինության համար ներկայացվող պահանջները: «Ունենալով երկու գործարան, որոնք աշխատում են երկու տարբեր տեխնոլոգիաներով՝ ՀՀ-ն չի կարողանում ապահովել ցեմենտ, որը կապահովեր ճանապարհաշինության որակ»,- նախագծի քննարկման ժամանակ բարկանում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը:
Ծառուկյանի գործարանի ցեմենտի ինքնարժեքն իրականում ավելի ցածր է, բայց վաճառում է 40 հազար դրամով, բայց մյուսների համեմատ մրցունակ է ու շուկայում ունի գերիշխող դիրք: «Հրազդանցեմենտը», թեեւ նախորդ տարվա համեմատ եռապատկել է արտադրության ծավալները, նախարարին ասել է, որ վնասով է աշխատում: Նախարարն էլ գործարանին օգնելու ազնիվ մղումներով որոշել էր բարձրացնել ներկրման տուրքը: «Այս նախագիծն ուղղված է նրան, որ ՀՀ տնտեսական պոտենցիալը հնարավորինս պահպանվի, եւ Հայաստանի երկու ցեմենտի գործարանները աշխատեն»,- բացատրում է Քերոբյանը:
«Բայց մենք եկել ենք եզրակացության, որ ձեր ներկայացրած տուրքը կանգնեցնելու է ցեմենտի ու կլինկերի ներմուծումը: Ընդ որում՝ գերակշիռ դիրք ունեցող տնտեսվարողի գնային ախորժակը զսպելու ամենակարեւոր պայմանը «Շինցեմենտի» աշխատանքն է: Բերված նախագծի հետեւանքով շուկայում մոնոպոլացում տեղի կունենա: Եթե ուզում ենք «Հրազդանցեմենտը» փրկել, էկոնոմիկայի նախարարությունն ազատ է փրկության տարբեր ծրագրեր մշակելու հարցում, բայց դա չպիտի խանգարի մյուս ընկերություններին ու շուկայից դուրս թողնի ավելի փոքրերին»,- նախարարին հակադարձեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
Այսինքն, եթե կլինկերի վրա դրվի Վահան Քերոբյանի առաջարկած 9000 դրամ մաքսատուրքը, «Շինցեմենտը» չի կարողանա աշխատել, ու նրա ազատած շուկան ոչ թե «Հրազդանցեմենտը» կզբաղեցնի, այլ Գագիկ Ծառուկյանի գործարանը, քանի որ ավելի էժան է արտադրում: Բայց պատգամավորները մտավախություն ունեն, որ գրավելով շուկան ու մրցակցությունից դուրս հայտնվելով` «Արարատցեմենտը» կարող է շուկայից հանել նաեւ «Հրազդանցեմենտին» ու միայնակ գին թելադրել, ինչու չէ, նաեւ որակի վրա ուշադրություն չդարձնել:
Պատգամավորներն ընդդեմ նախարարի
Որպեսզի իրավիճակն ավելի պարզ լինի, հիշեցնենք նախապատմությունը։ 2019 թվականին Իրանը կտրուկ իջեցրեց իր ցեմենտի ու կլինկերի գները, արդյունքում այն դարձավ մի քանի անգամ էժան, քան մեր երկրում արտադրվողն էր: Մեր ներկրողները շատ արագ կողմնորոշվեցին ու ներկրման ծավալներն ավելացրին: Դա, իսկապես, Հայաստանում սպառնում էր ներքին արտադրողին, ու կառավարությունը որոշեց ներկրման տուրք սահմանել`22.000 դրամ, բայց «Իմ քայլը» խմբակցության տնտեսական բլոկի պատգամավորներն ընդդիմացան`դա կվնասի ազատ մրցակցությանը, արտոնյալ պայմաններ կստեղծի տեղական արտադրության համար, ինչի հետեւանքով գները կբարձրանան:
Գագիկ Ծառուկյանը պատգամավորներին սպառնաց փակել գործարանն ու անաշխատանք թողնել իր ավելի քան հազար աշխատողներին: Նա իր բազմամյա պատգամավորության ընթացքում առաջին անգամ ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ ու Բաբկեն Թունյանին եւ ընդդիմացող մյուս պատգամավորներին «ժողովրդի թշնամի» անվանեց:
Պատգամավորները չընկրկեցին, պայքարեցին երկու ճակատով` ե՛ւ կառավարության, ե՛ւ. Ծառուկյանի դեմ։ 22000 դրամի փոխարեն 14000 դրամ սահմանեցին, իսկ կլինկերի վրա ընդհանրապես ներմուծման տուրք չդրեցին, որպեսզի, այնուամենայնիվ, Իրանից գոնե կլինկեր ներկրվի, ու այդպիսով տեղական արտադրողը գործի մրցակցային պայմաններում: Հակառակ պարագայում ազատ մնացած շուկան շատ արագ կզբաղեցներ Ծառուկյանին պատկանող ընկերությունը:
Անհասկանալի կերպով էկոնոմիկայի նոր նախարարը նորից տուրքը բարձրացնելու առաջարկ արեց: Իսկ այս անգամ լիագումար նիստից օրեր առաջ հանձնաժողովի քննարկմանը «Իմ քայլը» խմբակցության տնտեսագետ պատգամավորներն այնպես հակադրվեցին Վահան Քերոբյանին, որ նրան չհաջողվեց պաշտպանել իր նախագիծը: Արդյունքում այն հետ ուղարկեցին կառավարություն, շրջանցելով նախարարին`հարցը լուծեցին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի միջոցով եւ, ցեմենտի համար թողնելով 14.000 դրամ, կլինկերի համար սահմանեցին 2000 դրամ տուրք:
«Նախարարը փորձում էր այնպես անել, որ «Հրազդանցեմենտը» շահույթով աշխատի, բայց մեր կարծիքով նա էլի շահույթ չէր ունենա, քանի որ «Արարատցեմենտը» ավելի մրցունակ էր: Եվ եթե մենք փակեինք ներմուծվող կլինկերի ու ցեմենտի մուտքը, շուկան պարզապես կգրավեր «Արարատցեմենտը»: Վերջինս անցած տարի քսան տոկոսի աճ է ունեցել: Երեւի ուզում էին ամբողջ շուկան վերցնել, բայց մենք չենք կարող դա թույլ տալ, որովհետեւ մեր խնդիրը ոչ միայն տեղական արտադրությունը պաշտպանելն է, այլեւ բարձրորակ եւ մատչելի ցեմենտ ունենալը: Դա անվտանգության խնդիր է, չէ՞ որ շինարարության մեջ է օգտագործվում»,- բացատրում է «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր` Գեւորգ Պապոյանը:
Ցեմենտի լույսն ու ստվերը
2019 թվականի քննարկումների արդյունքում ԱԺ տնտեսական բլոկի պատգամավորները «Արարատցեմենտում» ուսումնասիրություններ անելու համար աշխատանքային խումբ ձեւավորեցին, գնացին-եկան ու հասկացան, որ չեն կարող ստուգել գործարանի արտադրած ցեմենտի որակը: Համապատասխան տեխնոլոգիա չկար, արտասահմանում ստուգելը թանկ արժեր, ԱԺ-ն գումար չհատկացրեց: «Ի՞նչ աշխատանքներ եք կատարում, որ կարողանանք վերահսկել արտադրվող ու ներմուծվող ցեմենտի որակը: Տարիներ շարունակ ներկրվել եւ արտադրվել է անորակ ցեմենտ, ինչի հետևանքով ճանապարհները ճաքել են»,- էկոնոմիկայի նախարարին հարցրեց պատգամավոր Հայկ Սարգսյանը:
Քերոբյանը պատասխանեց, որ մինչեւ տարեվերջ անհրաժեշտ լաբորատորիաները պատրաստ կլինեն, եւ Ծառուկյանի` ճանապարհաշինության մեջ օգտագործվող ցեմենտի որակը հնարավոր կլինի ստուգել:
«Երկու տարի առաջ, երբ մենք տուրք էինք սահմանում, նպատակը արտադրողներին ժամանակ տալն էր, որ կարողանային իրենց արտադրական ծախսերը օպտիմալացնել, ինչը կհանգեցներ ցեմենտի գնի նվազման: Մոտ 30 տոկոսվ վաճառքի ծավալների աճ է գրանցվել, բայց գնի փոփոխություն տեղի չի ունեցել: Բայց մասշտաբի էֆեկտի շնորհիվ պետք է ծախսերի ու գնի նվազում լիներ»,- զարմանում է «Իմ քայլից» երրորդ պատգամավորը` Եղիշե Կիրակոսյանը:
2019 թվականի սկզբին՝ մինչեւ ցեմենտի ներկրման վրա տուրքի սահմանումը, Գ. Ծառուկյանը հայտարարեց, թե որպես բարի կամքի դրսեւորում, որպես աջակցություն հետհեղափոխական Հայաստանին՝ 10 հազար դրամով կիջեցնի 1 տոննա ցեմենտի գինը՝ 50 հազարից դարձնելով 40 հազար: Այդ ժամանակ, սակայն, պարզվեց, որ նա Վրաստանում բավականին ցածր` մոտ 25 հազար դրամով է վաճառում: Ծառուկյանն ինքը բացատրում էր, որ «դեմպինգ» է անում` ինքնարժեքից ցածր է վաճառում, որ վրացական շուկայում տեղ ունենա, բայց պատգամավորները վստահ են, որ հենց դա է նրա ցեմենտի օպտիմալ արժեքը: Այսինքն՝ «Արարատցեմենտը» Հայաստանում գերշահույթ էր ստանում եւ ստանում է:
Նշենք, որ 2019-ին «Արարատցեմենտի» արտադրությունը 443 հազար տոննայից 2020-ին հասավ 534 հազար տոննայի: «Հրազդանցեմենտինը» 30 հազար տոննայից դարձավ 90 հազար տոննա: Իսկ ցեմենտի ընդհանուր շուկան այդ մեկ տարում 800 հազար տոննայից հասավ 866 տոննայի:
«Եթե անցած տարի շինարարության ոլորտում անկում ունենք, բայց ցեմենտի ներմուծման ու իրացման ծավալների աճ է եղել, չե՞ք կարծում, որ ոլորտում ստվեր կա` սեւ թվեր: Եվ որ այդ թվերը հիմք ընդունելով որոշում կայացնելը սխալ կլինի»,- նորից հարցրեց Եղիշե Կիրակոսյանը:
«Համաձայնեմ, որ ոլորտը թափանցիկ չէ, որ ոլորտում, սկսած հումքից մինչեւ շինարարություն, ստվեր կա»,- պատասխանեց Վահան Քերոբյանը:
Ոլորտի ստվերայնությունը հասկանալու համար նորից ներկայացնենք «Արարատցեմենտի» օրինակը. ընկերությունը եթե 2017-ին վճարել է 827,6 մլն դրամի հարկեր, ապա հեղափոխության տարում` 2018-ին, կտրուկ բարձրացրել է վճարումները` 2 մլրդ 91 մլն դրամ: Իսկ անցած տարի, որ շինարարությունն անկում է ունեցել, վճարել է 2 մլրդ 670 մլն դրամի հարկեր: «Եվս մի հետաքրքիր տեղեկություն. 2017-ին ցեմենտի շուկայի մասնակիցները միասին վճարել են 1 մլրդ 159 մլն դրամ, 2020-ին` 4 մլրդ 170 մլն»,- հավելում է Հայկ Գեւորգյանը:
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։