Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարություն է տարածել ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական գերեզմանների ոչնչացման եւ գերեզմանաքարերը ճանապարհների կառուցման նպատակով որպես շինանյութ օգտագործելու մասին։
Արցախի ՄԻՊ-ն ընդգծել է՝ միջազգային մարդասիրական իրավունքի սովորույթային նորմերով սահմանվում է, որ հակամարտող կողմերը պետք է հարգանք ցուցաբերեն իրենց վերահսկողության տակ հայտնված գերեզմանների նկատմամբ, պետք է տարբերակիչ նշաններով առանձնացնեն գերեզմանավայրերն ու ապահովեն դրանց պահպանումը: Հայկական գերեզմանների պղծմամբ ու ոչնչացմամբ Ադրբեջանը կոպտորեն խախտում է ոչ միայն սովորույթային իրավունքի նորմերը, այլ նաեւ անձի արժանապատվության, անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը։
«Ադրբեջանին պետք է ստիպել կատարել միջազգայնորեն ստանձնած իր պարտավորությունները, եւ այդ հարցում միջազգային կազմակերպություններն ունեն առաջնային պարտավորություն եւ առաքելություն։
Ադրբեջանի կողմից իրականացված եւ իրականացվող հանցագործությունները չպետք է անպատիժ մնան, եւ միջազգային հանրությունը պետք է հստակ գիտակցի սա»,- շեշտել է Գեղամ Ստեփանյանը։
Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը եւս ահազանգել է, որ ադրբեջանցիները վանդալիզմի գործողություն են իրականացնում՝ քանդելով հայկական գերեզմանաքարերը եւ դրանք ճանապարհի շինարարության համար օգտագործելով։
Բաբայանը հայտնել է, որ Ադրբեջանը Հադրութից 40 մետր լայնության ճանապարհ է կառուցում Քարին Տակով դեպի Շուշի։
Նշենք, որ ներկայում ադրբեջանական շարասյուներն անցնում են Կարմիր շուկայի միջով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։