ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղամիջոցների որակի սանիտարական հսկողության վարչությունը (FDA) թույլատրել է կորոնավիրուսի դեմ Pfizer/BioNTech պատվաստանյութի շտապ կիրառումը 12-15 տարեկան դեռահասների համար։
FDA-ն նշել է, որ 12-15 տարեկանների համար այդ պատվաստանյութի կիրառման առավելությունները գերազանցում են հնարավոր ռիսկերը:
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի՝ պատվաստանյութերի գծով խորհրդակցական մարմինը մայիսի 12-ին կքննարկի դեռահասների համար պատվաստանյութի օգտագործման հանձնարարականը, որի ընդունումից հետո կսկսվի պատվաստումը:
Նախորդ տարեվերջին FDA-ն Pfizer պատվաստանյութի շտապ կիրառում է թույլատրել 16-ից բարձր տարիքի անձանց համար: ԱՄՆ-ում կիրառվող մյուս երկու պատվաստանյութերը՝ Moderna-ն եւ Johnson & Johnson-ը, ցուցված են միայն մեծահասակներին։
Նախորդ տարվա դեկտեմբերին ամերիկահայ հայտնի գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը եւս ԱՄՆ-ում սկսել է 12-17 տարեկան դեռահասների շրջանում պատվաստանյութի փորձարկումները։ Հետազոտությանը մասնակցող 3000 դեռահասի ներարկվել է պատվաստանյութի երկու դեղաչափ՝ 100-ական միկրոգրամով: Փորձարկվողները 12 ամիս հսկողության տակ կլինեն:
Անցած շաբաթ Կանադայի առողջապահության նախարարությունը եւս թույլատրել է Pfizer/BioNTech պատվաստանյութի շտապ կիրառումը դեռահասների համար։
Ֆրանսիայում մայիսի 12-ից կորոնավիրուսի դեմ կպատվաստեն բոլոր քաղաքացիներին՝ անկախ տարիքից: Իշխանությունները մտադիր են մինչեւ մայիսի 15-ը պատվաստել երկրի 30 միլիոն բնակչի, այսինքն՝ ամբողջ բնակչության գրեթե կեսին: Մինչեւ այժմ Ֆրանսիայում Pfizer-ով պատվաստվում էին միայն 55-ից բարձր տարիքի մարդիկ: