Իտալացի կարաբիներները Հռոմի դատախազության պահանջով խուզարկել են երկրի նախագահ Սերջո Մատարելայի պատիվն ու հեղինակությունը վիրավորելու եւ հանցագործություններ հրահրելու մեջ կասկածվող 11 անձի։
Գործողությունն անցկացվել է երկրի մի շարք քաղաքներում՝ Թուրինում, Պերուջայում, Բոլոնիայում եւ այլուր:
«Նրա կապը հակասեմիտական եւ ռասիստական հայացքներ ունեցող խմբերի եւ ակտիվիստների հետ հայտնաբերվել է ռուսաստանյան «Վկոնտակտե» սոցիալական ցանցի միջոցով»,- պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է գործով անցնող կասկածյալներից մեկի՝ 53 տարեկան համալսարանական պրոֆեսորի մասին: Երեք կասկածյալի եւս ծայրահեղ աջ համոզմունքներ են վերագրվել:
Խուզարկվել են կասկածյալների էլեկտրոնային հաշիվներն ու սոցիալական պրոֆիլները, առգրավվել համակարգիչներ եւ սարքավորումներ, որոնք օգտագործվել են նախագահին սպառնալու նպատակով: Հետաքննության առարկա են դարձել նախորդ տարվա ապրիլից մինչեւ 2021-ի ապրիլ արված գրառումները: Կասկածյալները 44- 65 տարեկան են:
«Հետաքննության ընթացքում հաջողվել է հայտնաբերել ցանցում պետության ղեկավարի դեմ վիրավորական բազմաթիվ գործողություններ, որոնք վկայում են երկրում իշխանության բարձրագույն ինստիտուտների դեմ ագրեսիայի հանգամանալիորեն մտածված ռազմավարության մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
2019-ի վերջին Պալերմոյի դատախազությունն ավարտել է 2018-ի գարնանը Ֆեյսբուքում Մատարելային ուղղված վիրավորանքների փաստով նմանօրինակ գործի հետաքննությունը: