ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում ադրբեջանցի պաշտոնակցի՝ Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է լիովին ու բարեխղճորեն կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում բոլոր պայմանավորվածությունները: Նա հուսով է, որ հստակ քայլեր կուրվագծվեն Լեռնային Ղարաբաղում խնդիրների կարգավորման գործում:
ՌԴ արտգործնախարարի հավաստմամբ Մոսկվան կողմ է մարդասիրական նշանակության բոլոր հարցերի՝ զոհվածների մարմինների վերադարձի, անհայտ կորածների ճակատագրի մասին տեղեկությունների, ռազմագերիների վերադարձի օպերատիվ եւ առանց նախապայմանների լուծմանը:
Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, թե Բաքուն կատարել է գերիների վերաբերյալ բոլոր պարտավորությունները, Ադրբեջանն ամբողջովին կատարում է նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության պարտավորությունները: Բայրամովը նշել է, որ հայ զինծառայողներին վերաբերվում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին եւ սկզբունքներին համապատասխան. նրանց այցելում են Կարմիր խաչի ներկայացուցիչները, Ադրբեջանի օմբուդսմենը, փաստաբաններ եւ բժիշկներ, և տրվել է ազգականների հետ հեռախոսով եւ տեսակապով շփվելու հնարավորություն:
«Բացի այդ՝ ադրբեջանական կողմի մասնակցությամբ կազմակերպվել են որոնողական աշխատանքներ, որոնք իրականացվել են ծանր կլիմայական եւ աշխարհագրական պայմաններում, անցած 6 ամսում հայտնաբերվել եւ հայկական կողմին է փոխանցվել ավելի քան 1600 մարմին»,- ասել է Բայրամովը:
Սերգեյ Լավրովը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է պահանջված մնալ՝ առաջին հերթին մարդասիրական խնդիրների լուծման շուրջ համագործակցության եւ կողմերի միջեւ վստահության ստեղծման հարցում: Նա ընդգծել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործում կարեւոր ներդրում ունի նաեւ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ ստեղծված եռակողմ աշխատանքային խումբը, որն արդյունավետ է աշխատում, եւ մոտ ապագայում առաջին արդյունքները տեսանելի կլինեն:
Ըստ Լավրովի՝ խումբը զբաղվում է տրանսպորտային ու տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունների հստակեցմամբ: Լավրովն ընդգծել է, որ ենթակառուցվածքների ապաշրջափակումը Անդրկովկասյան պետություններին իրենց հարեւանների հետ միասին հնարավորություն կընձեռի միանալու տրանսպորտային փոխադրումների միասնական տարածքի: